Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Բուլղարիայի ԱԺ նախագահին
Պաշտոնական այցով Բուլղարիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 15-ին հանդիպել է Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռոսեն Ժելյազկովի եւ ԲՀ խորհրդարանականների հետ: Հանդիպումը մեկնարկել է խորհրդարանների ղեկավարների առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Կողմերը փաստել են Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ առկա սերտ հարաբերությունների մասին` ընդգծելով, որ դրանք հիմնված են երկու ժողովուրդների միջեւ պատմականորեն ձեւավորված բարեկամության, ընդհանուր արժեքների եւ մշակութային կապերի վրա:
Ալեն Սիմոնյանը, ողջունելով ԲՀ ԱԺ նախագահին, շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերի եւ ջերմ ընդունելության համար: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Հայաստան-Բուլղարիա երկկողմ միջպետական հարաբերություններում նշանակալի դեր ունեն միջխորհրդարանական կապերը, որոնց խթանումը եւ շարունակական զարգացումը կարեւոր են Հայաստանի համար:
«Բարձր մակարդակի կանոնավոր միջխորհրդարանական երկխոսությունը մեծ ներուժ կլինի Հայաստան-Բուլղարիա հարաբերությունների զարգացման եւ ընդլայնման հարցում: Մենք պետք է խթանենք ուսանողների երկկողմ փոխանակումների գործընթացը եւ բարեկամական խմբերի գործունեությունը»,- ասել է Ալեն Սիմոնյանը:
Ռոսեն Ժելյազկովն անդրադարձել է Բուլղարիայի հայ համայնքին, որը մեծ ներդրում ունի հայ եւ բուլղար ժողովուրդների եղբայրական հարաբերությունների հաստատման գործում: Նա նաեւ կարեւորել է հայ-բուլղարական առեւտրատնտեսական պալատի, միջկառավարական հանձնաժողովի եւ խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությունը: Անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարեւորել է Բուլղարիայի ներգրավվածությունը եւ աջակցությունը Հայաստանի կառավարության կողմից առաջ բերված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, մասնավորապես՝ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների կարգավորման եւ տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության հաստատման համատեքստում: «Բուլղարիան ողջունում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ պատրաստ է աջակցել Հայաստանին տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում»,- նշել է Բուլղարիայի խորհրդարանի ղեկավարը:
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման, երկկողմ եւ բազմակողմ առեւտրատնտեսական եւ մշակութային համագործակցության շուրջ: Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում, շրջայց կատարել Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովում: