Խաղաղության օրակարգը ձախողվել է. ի՞նչ է գուժում Փաշինյանը
Հայաստանի գործող վարչախմբի խաղաղության օրակարգը լիակատար ձախողվել է։ Նիկոլ Փաշինյանը, որ ամիսներ շարունակ կատարում է Ադրբեջանի և Թուրքիայի բոլոր պահանջները, ամեն գնով խաղաղության հասնելու համար այլևս ինքը չի բացառում, որ Ադրբեջանը կարող է Հայաստանի դեմ պատերազմ սկսել։
Երեկ կառավարության նիստում Փաշինյանը խոստովանել է, որ Ադրբեջանը շարունակում է վարել՝ «այն, ինչ ուզում եմ տվեք ինձ բանակցային եղանակով, հակառակ դեպքում՝ ես կվերցնեմ պատերազմով» քաղաքականությունը։
Փաշինյանը նշել է, թե Ադրբեջանի ռազմական հարկադրանքի քաղաքականությունը չի փոխվել։ Ավելին, Հայաստանի վարչախմբի պարագլուխը խոստովանել է, որ պատրաստ են կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները սահմանազատման հարցում, սակայն նույնիսկ այդ հանգամանքը չի կարողանում զսպել Ադրբեջանի՝ օրեցօր ահագնացող ախորժակը։
Մինչ միջազգային կառույցներն ու արևմտյան տերությունները բավարարվում են ընդամենը Հայաստանին և Ադրբեջանին հավասար հարթության մեջ դնելու և զսպվածության կոչեր անելով՝ Ադրբեջանն ավելի ու ավելի է ավելացնում իր ռազմական պոտենցյալը։ Ընդամենը երեկ բեռնատար «ԻԼ 76-ը» Բուլղարիայից նոր սպառազինություն է տեղափոխել Ադրբեջան։
44-օրյա պատերազմից հետո թշնամի երկիրն ահռելի քանակությամբ սպառազինություն է գնում հնարավոր բոլոր աղբյուրներից և անթաքույց պատրաստվում նոր պատերազմի և միայն այսօր Հայաստանի իշխանությունները ստիպված են խոստովանել, որ իրենց անողնաշար քաղաքականությունն ամբողջությամբ ձախողվել է՝ նոր աղետի առջև կանգնեցնելով Հայաստանը։
Հայկ Նասիբյան