Չնայած բոլոր մարտահրավերներին՝ Հայաստանը հավատարիմ է խաղաղության գործընթացին. Ալեն Սիմոնյան
Բուլղարիա պաշտոնական այցի շրջանակում փետրվարի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը:
Բուլղարիայի նախագահը նշել է, որ չնայած հայ-բուլղարական սերտ միջպետական հարաբերություններին՝ կա համագործակցության չիրացված մեծ ներուժ արդյունաբերական, առեւտրատնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում:
«Հայ համայնքը մեծ ներդրում ունի Բուլղարիայի մշակութային, գիտական եւ կրթական կյանքում, եւ մենք ուրախ կլինենք զարգացնել Հայաստանի հետ երկկողմ փոխգործակցությունն այս եւ այլ ոլորտներում»,- նշել է Բուլղարիայի նախագահը:
Անդրադառնալով ժողովրդավարական ինստիտուցիոնալ բարեփոխումներին եւ Հայաստան-ԵՄ հարաբերություններին՝ Ռումեն Ռադեւը բարձր է գնահատել Հայաստանի հավատարմությունը եվրոպական արժեքներին եւ ընդգծել, որ Բուլղարիան պատրաստ է մշտապես աջակցել Հայաստանին:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Բուլղարիայի նախագահին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ այն խնդիրները, որոնց Հայաստանը բախվում է հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության եւ հարատեւ անվտանգության հաստատման հարցում:
Ռումեն Ռադեւն իր մտահոգությունն է հայտնել տարածաշրջանում վերջին ռազմական գործողությունների վերաբերյալ եւ վստահեցրել, որ Բուլղարիան կանի ամեն բան՝ նպաստելու խաղաղության հաստատմանը:
«Չնայած բոլոր մարտահրավերներին՝ Հայաստանը հավատարիմ է խաղաղության գործընթացին, եւ այս համատեքստում մենք ակնկալում ենք նաեւ Բուլղարիայի աջակցությունը»,- ընդգծել է Ալեն Սիմոնյանը:
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ եւ բազմակողմ համագործակցության հնարավորությունները կրթության, մշակույթի, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, ռազմական եւ առեւտրատնտեսական ոլորտներում: