Կառավարությունը հաստատել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 60 հայտ՝ 2,5 մլրդ դրամ ծավալով
Հունիսի 13-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգմամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի 2019 թվականի մարտի 19-ի թիվ 278-Ա որոշմամբ հաստատված ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Ներկայացվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 63 հայտ:
Նիստի ընթացքում հաստատվել է 60 հայտ` շուրջ 2.5 միլիարդ դրամ ընդհանուր ծավալով, որից պետական բյուջեից համաֆինանսավորումը կազմում է շուրջ 1.5 միլիարդ ՀՀ դրամ: Հաստատված ծրագրերով նախատեսվում է համաֆինանսավորել ներհամայնքային փողոցների ասֆալտապատման, ջրամատակարարման եւ ոռոգման համակարգերի բարելավման, մանկապարտեզների հիմնանորոգման, ճանապարհների կառուցման եւ հիմնանորոգման, գյուղատնտեսական եւ համայնքների կարիքները սպասարկելու նպատակով բազմաֆունկցիոնալ տեխնիկայի ձեռքբերման եւ այլ աշխատանքների գծով համայնքների կողմից ներկայացված ծրագրերը: Վերջիններս միտված են աջակցելու համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների բարելավմանը ու նպաստելու կյանքի որակի բարձրացմանը:
Փոխվարչապետը համապատասխան ցուցումներ է տվել դեռեւս չհաստատված որոշ նախագծերը լրամշակելու ուղղությամբ համայնքների հետ լրացուցիչ քննարկումներ անցկացնել՝ նպատակ ունենալով ապահովել ծրագրերի տեխնիկատնտեսական հիմնավորումներն ու բարելավել ներկայացված նախագծային փաթեթները: