Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ
Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտը սենսացիոն հայտարարություն է տարածել, որում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին մեղադրել է ընդհուպ Հայոց ցեղասպանությունը ժխտող նարատիվներ տարածելու մեջ. պատճառը՝ Նիկոլ Փաշինյանի ապրիլքսանչորսյան ուղերձն է, և ցեղասպանագետները կարծում են, որ Փաշինյանն իր այդ ուղերձով ոչ բացահայտորեն միացել է Հայոց ցեղասպանության ժխտմանը։
«Թեև մենք ընդհանրապես չենք ներգրավվում պետությունների ներքին գործերին, քանի դեռ չկա ցեղասպանության ներքին վտանգ, պետք է անդրադառնանք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից բխող մտահոգություններին, որոնք, ըստ երևույթին, շեղվում են ցեղասպանության կանխարգելման, ցեղասպանության ճանաչման և անցումային արդարադատության հիմնական սկզբունքներից, ուղղակի առնչվում են Հայաստանի ազգային անվտանգության խնդիրներին, սա էլ ավելի կարևոր է դառնում Ադրբեջանի տարածքային պահանջների և վերջին տասնամյակների ընթացքում հայերի նկատմամբ տևական ցեղասպան քաղաքականության համատեքստում»,- ասված է հայտարարության մեջ։
Շատ մասնագետներ էլ նշում են, թե Փաշինյանը սկսել է հանրության շրջանում տարածել դեռևս 1960-ական թվականներին Թուրքիայում ընդունված այն կեղծ նարատիվները, որը թուրքական ժխտողական քաղաքականությունը տարածում է ողջ աշխարհում, դրա համար լուրջ միջոցներ են օգտագործվում, և Փաշինյանը` Հայաստանի ղեկին հայտնված առաջին ղեկավարն է, որը դարձել է հենց այդ ցեղասպանությունը ժխտող նարատիվների կրողը և հանրության մեջ դրանք տարածողը։
Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտի այս հայտարարությունից հետո, բնականաբար, իշխանության արձագանքը չի ուշացել, հեղինակավոր ինստիտուտին փաշինյանական իշխանությունն ընդհուպ մեղադրել է Հայաստանի ներքին գործերին խառնվելու մեջ։
Առաջիկայում Հայաստանի գործող իշխանությունները շարունակելու են նույն վարքագիծը, ուստի և ամեն ինչ փորձելու են անել` վարկաբեկելու իրենց գործի գիտակներին։
Սոնա Պողոսյան