Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին
Գործող վարչախումբը, որը սիրում է քննադատել Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին, արդեն մի քանի օր է որևէ ծպտուն չի հանել ՀԱՊԿ գծով մեկ այլ դաշնակցի՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ակնհայտ հակահայկական հայտարարությունների վերաբերյալ։
Նախօրեին, Բելառուսի նախագահն Ադրբեջանում Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո, մամուլի ասուլիս էր տվել և հիշեցրել, որ 44-օրյա պատերազմից առաջ զրուցել է Ալիևի հետ և եկել են այն եզրակացության, որ պատերազմը կարելի է հաղթել։ Ավելին, Լուկաշենկոն 44-օրյա պատերազմը ազատագրական է անվանել։ Փաստացի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրի ղեկավարն ընդունում է, որ ագրեսոր պետության հետ քննարկել է ՀԱՊԿ մեկ այլ անդամի դեմ սպասվող ագրեսիան։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն էլ մտադիր չէ մեկնաբանելու իր անդամի հայտարարությունները։
Հայկական լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան` նշել են, թե դա ինքնիշխան պետության ղեկավարի հայտարարություն է և չի կարող իրենց գնահատականի առարկան լինել։ Այն, որ ՀԱՊԿ-ն առանձնապես շահագրգռված չէ որևէ կերպ մեկնաբանություն անել, պարզ է, բայց արդեն 2-րդ օրն է Հայաստանի իշխանությունները ծպտուն չեն հանում Լուկաշենկոյի հայտարարությունների մասով, չեն արձանագրում, որ, այսպես կոչված «դաշնակիցը», պատերազմից առաջ և հետո էլ շատ ավելի լավ դաշնակից է Ադրբեջանի, քան Հայաստանի համար։
Ընդսմին, կարելի էր գոնե Բելառուսի դեսպանին հրավիրել ԱԳՆ՝ բողոքի նոտա հղել, կամ էլ հայտարարել հարաբերությունները մեկ դիվանագիտական աստիճանով նվազեցնելու մասին, Բելառուսից հետ կանչել Հայաստանի դեսպանին, որն առանց այն էլ մատնված է պարապուրդի և տարիներ շարունակ ոչնչով զբաղված չէ։ Թե ո՞րն է Հայաստանի իշխանությունների լռության պատճառը և ինչու՞ են վախենում Ալեքսանդր Լուկաշենկոյից` չափազանց ուշագրավ հարց է։
Մարինե Ղարայան