Ո՞վ կդառնա Իրանի նոր նախագահ
Իրանում առաջարկել են նախագահական առաջիկա ընտրություններն անցկացնել հունիսի 28-ին։ Այս որոշումը դեռ պետք է հաստատի փորձագետների խորհուրդը և գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։
Նախօրեին տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով մահացել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին, արտգործնախարար Աբդոլահիանն ու մի քանի այլ պաշտոնյաներ։
Այս պահի դրությամբ առայժմ քննարկվող հիմնական վարկածն ուղղաթիռի տեխնիկական անսարքությունն է եղել, որևէ արտաքին հետքի մասին չեն խոսում։
Իրանը դեռ սգի մեջ է, բայց արդեն քննարկում են, թե ով է լինելու հաջորդ նախագահը։
Ըստ ամենային Իրանի նախագահի մահը որևէ կերպ չի ազդի այդ երկրում պետական համակարգի կենսագործունեության վրա։ Իրանում գերագույն առաջնորդը Այաթոլա Խամենեին է, իսկ նախագահն ավելի շուտ իրականացնում էր գործադիր իշխանության ֆունկցիաները։
Փորձագետները հիմնական թեկնածու համարում են Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆին։ Հոգևոր առաջնորդն էլ արդեն 85 տարեկան է և չի բացառվում, որ նա էլ նախագահական ընտրություններից հետո հրաժարվի իր պաշտոնից, իսկ գլխավոր թեկնածու համարվում է հենց նրա որդի՝ Մոչթաբա Հոսեինի Խամենեին։
Ընդ որում, ուշագրավ մի հանգամանք կա, նախքան ավիաաղետը, հոգևոր առաջնորդի գլխավոր թեկնածու համարվում էր հենց նախագահ Էբրահիմ Ռայիսիին, Ալիխամենեին որպես իր հիմնական ժառանգորդ հենց Ռայիսիին էր համակրում, այլ ոչ սեփական որդուն։ Այս հանգամանքը բավական ուշագրավ է, քանի որ հոգևոր առաջնորդի որդին մի քանի անգամ խնդիրներ է ունեցել հոր հետ, ինչպես նաև լուրջ տարակարծություններ ունեն երկրի կառավարման համակարգում։
Ամեն դեպքում ակնհայտ է, որ թե՛ նախկինում, թե՛ հիմա էլ իշխանությունը մնալու է այսպես կոչված պահպանողականների ձեռքին, իսկ բարեփոխականները չունեն համապատասխան քաղաքական ազդեցություն Իրանի ներքաղաքական և արտաքին քաղաքական իրավիճակի վրա ազդելու։
Ինգա Մանուկյան