Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ․ Վահե Հովհաննիսյան
Վահե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Շարունակության մասին պետք է հիմա մտածենք
Ակնհայտ է, որ վարչապետի փոփոխությունը շարժման հիմնական պահանջն է, պրոցեսի առաջին տրամաբանական հանգրվանը։ Եվ միանգամայն հասկանալի է լայն շրջանակների ու տարբեր խմբերի բնական հավաքական պահանջը՝ լսել (ձևակերպել, ընտրել, որոշել) նոր վարչապետի թեկնածուի անունը։ Մենք գնում ենք դրան։ Սա է տրամաբանությունը, և սա է ուզում հասարակությունը։
Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ՝ անկախ նրանից, թե գործող իշխանությունն ինչ տեխնիկական խնդիրներ կստեղծի գրանցման շուրջ։ Գուցե մենք սա հիմա լավ չենք պատկերացնում, բայց դա լինելու է, և նոր իրավիճակը մեզ համար նոր խնդիրներ է ձևակերպելու ու նաև աշխատանքի նոր հնարավորություններ տալու։ Այն է՝ իշխանությունը միայն վարչապետը չէ, և խորքային փոփոխությունները, որոնց մասին է հենց այս շարժումը, հնարավոր չէ իրականացնել մեկ հոգու փոփոխությամբ։ Իսկ հարցի մյուս, նույնքան կարևոր կողմը պետական ներքին կայունության ապահովումն է, պետության ներքին հոմեոստազի ապահովումը։
Փոփոխություններ և կայունություն
Առաջին փուլի փոփոխությունները չեն կարող սահմանափակվել միայն վարչապետի փոփոխությամբ։ Դա չի տա բավարար արդյունք։ Ոչ ոք չի չեղարկել արտաքին ռիսկերը, և մենք դա 24 ժամ պետք է հիշենք։ Արագ փոփոխությունների ծավալը պետք է ներառի.
1. Վարչապետի փոփոխություն
2. Անվտանգության խորհրդի կազմի փոփոխություն (որպես կոլեկտիվ պատասխանատվության մարմին պետք է ներառի գիտելիք ու փորձ ունեցող գործիչների՝ կարևորագույն հարցերը քննարկելու համար, ու որպես հակակշիռ «նորերի» իշխանության)
3. Նախագահի փոփոխություն (չափազանց կարևոր է պետական կարևորագույն ինստիտուտի վերակենդանացման ու ներքին հաշտության ու այլ կարևոր պրոցեսների երաշխավորը լինելու համար)
4. ԱԺ նախագահի փոփոխություն
Կայունության ապահովում
Վերը նշված կետերի իրականացման պարագայում.
ա. Աժ-ն պետք է շարունակի իր բնականոն աշխատանքը, և ՔՊ խմբակցությունը պետք է շարունակի իր բնականոն աշխատանքը։
բ. Փոխնախարարների մակարդակով՝ ցանկության և ունակությունների դեպքում, պետք է շարունակվի բնականոն աշխատանքը։ Այսինքն պետք է ոչ թե խնդիր չդնել, այլ առավելագույնս բացառել փոխնախարարների կադրային ջարդը։
գ. Պետական համակարգը, քաղծառայողների համակարգը շարունակում են իրենց բնականոն աշխատանքը։ Դա պետության համակարգն է, և ոչ՝ փոփոխվող իշխանությունների։
դ. Բացառվում է ուժային և իրավապահ համակարգերում պատահական, անգամ՝ վաստակած «շարժման տղերքի» նշանակումը։ Մենք 1991-ից դա գիտենք՝ ինչ է դա և ինչի է բերում։ Միայն մասնագետներ, պրոֆեսիոնալներ՝ համակարգի ներսից կամ համակարգերում աշխատած։
Նոր խաղի կանոններ
Ա/ Պետական համակարգ պետք է վերադառնան փորձառու մասնագետները, ովքեր անարդարացիորեն հեռացվել են կամ չեն ցանկացել աշխատել այս կառավարության հետ (դիվանագետներ, սպաներ և այլն)։
Բ/ Բացառել «արհեստական քվոտավորված մասնակցության» սկզբունքը՝ էսքան մարդ այսինչի կողմից, այսքան՝ այնինչի։ Եթե փոփոխությունները կատարվում են համաժողովրդական ճնշման տակ, ապա «ֆորմալ ազդեցիկների» ինստիտուտը կորցնում է իր գինը։ Պետությունը կարիք ունի գրագետ, ունակ մարդկանց, այլ ոչ թե՝ սրա կամ նրա ներկայացուցիչների։
Բ/ Կոշտ ձևով պետք է կասեցվի ֆեյքերի ֆաբրիկայի գործունեությունը և սկսվի լուրջ բաց հետաքննություն՝ պարզելու համար, թե ինչ մեխանիզմներով, ինչ փողերով, ինչ կազմերով է իրականացվել մեդիա տեռորը հայ հասարակության հանդեպ։ Սա շատ կարևոր է՝ հասարակության սթափ բանականությունը վերականգնելու, ներքին հաշտության մթնոլորտի և առողջանալու պրոցեսի համար։
Գ/ Պետք է բացառել որևէ անհատական կամ ինստիտուցիոնալ վրեժ, անձնական քինախնդություն, անձնական հողի վրա վատություն՝ նոր «նախկինների» դեմ։ Սա պետք է լինի գերիշխող մթնոլորտը ու նաև՝ ուժայինների հստակ պարտականությունը։