Ովքե՞ր, ի վերջո, դարձան Հայաստանի ազգային հաղթողներ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
2019 թվականից ի վեր Հայաստանում ձեռներեցության աշխարհի գավաթը (EWC) վերածվել է աշխարհի ամենամեծ և ամենատարբեր ստարտափ մրցույթների և աջակցության ծրագրերի հարթակի: EWC-ին ամեն տարի մասնակցում է 370 000 ձեռներեց ավելի քան 200 երկրից։ Մրցույթի հաղթողները ստանում են 1 միլիոն դոլար դրամական մրցանակ և այլ հնարավորություններ՝ վերապատրաստումներ, մենթորություն ստարտափի զարգացման բոլոր փուլերում, ինչպես նաև նեթվորքինգ:
Այս տարի տեխնոլոգիական էկոհամակարգի տարբեր ուղղություններ ներկայացնող մասնագետները հավաքվել էին՝ լսելու մրցույթի տասը հայկական առաջատար ստարտափների ելույթները և տեսնելու, թե որ երեք թիմերը կանցնեն EWC 2024 Global Finals: Ազգային ժյուրիի որոշմամբ մրցող 10 ստարտափներից հաղթող ճանաչվեցին Archestr-ը, Maquaponics-ը և Nomiq-ը, որոնք կմիանան EWC Top 250 ստարտափներին և կմասնակցեն GEN-ի (Համաշխարհային ձեռներեցության ցանց) վիրտուալ bootcamp-ին՝ նախապատրաստվելու գլոբալ եզրափակչին։ Ըստ EWC Հայաստանի ազգային կազմակերպիչ Նժդեհ Հովհաննեսյանի՝ EWC մրցույթում տարեցտարի ավելի բազմազան և հետաքրքիր են դառնում գաղափարները:
Ազգային եզրափակչի ժյուրիի կազմում էին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ռուբեն Սիմոնյանը, Գիտության և տեխնոլոգիաների զարգացման ազգային խորհրդի գործադիր խորհրդի անդամ, UC Berkeley, SkyDeck գլխավոր խորհրդական Կարեն Գյուլբուդաղյանը, Formula VC-ի անդամ, BANA Angels-ի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը, EPAM Երևանի տնօրեն Բենիամին Գյուրջյանը, ինչպես նաև «Այբ» հիմնադրամի խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը:
Բացի գլխավոր մրցանակներից միջոցառման ընթացքում հատուկ մրցանակներ հանձնվեցին նաև FAST հիմնադրամի և STAN-ի, ինչպես նաև Rooqet & InnWork-ի ու Team Telecom Armenia-ի կողմից։ Նշենք, որ մրցույթի ազգային փուլն արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացվում է Team Telecom Armenia-ի աջակցությամբ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում