Վարդենիսի հանրահավաքը բեկումնային կարող է լինել
«Տավուշը հանուն հայրենիքի» ընդդիմադիր շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր Վարդենիս է մեկնելու, հենց սահմանամերձ քաղաքում հանրահավաք գումարելով, այդ կերպ առաջին հերթին Ադրբեջանին ցույց տալով, որ Հայաստանում գոյություն ունի մի ուժ, որը պատրաստ չէ համակերպվել ստեղծված իրավիճակի հետ։
Գալստանյանը երեկ երեկոյան էլ Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփել է ընթացիկ իրողությունները և չափազանց ուշագրավ դիտարկումներ արել։ Մասնավորապես հրաժարվել է հայտնել նոր կառավարության կազմը՝ նշելով, որ չի ցանկանում հրապարակել ստվերային կազմը, որպեսզի այնտեղ ընդգրկված անձանց վտանգի տակ չդնի։
Մյուս կողմից, ըստ ընդդիմադիր շարժման առաջնորդի ակնարկների, դա նաև կարևոր է շարժման ամբողջականությունը պահպանելու համար։ Շատերը շարժմանը միացել են նեղ անձնական նկրտումներին հագուրդ տալու նպատակով, մինչդեռ հենց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է ապացուցում, որ անձնական հավակնություններ չունի, իր շարժումն իրականացնում է հենց հանուն Հայաստանի Հանրապետության։
Նա խոսել է նաև նոր կառավարության երեք գլխավոր անելիքների մասին, նշել, որ դա պետք է լինի հաշտության կառավարություն, որն իրականացնելու է հաշտության օրակարգը բոլոր շերտերում, կարգավորելու և գնահատելու է իրավիճակն արտաքին աշխարհի հետ հարաբերություններում՝ փորձելով հասնել նրան, որ Հայաստանն այս ամբողջ աշխարհաքաղաքական իրավիճակում կարողանա պահել իր ուրույն ընթացքը։
Պատրաստելու է նաև արտահերթ ընտրություններ այն ժամանակահատվածում, որ կսահմանվի, իսկ ժամանակավոր կառավարությունը չի մասնակցի այդ ընտրություններին, որպեսզի չխաթարվի արդարության սկզբունքը։
Ըստ էության, այս կերպ Բագրատ Գալստանյանն ապացուցում է, որ երկիրը ղեկավարելու, իշխանությունը «զավթելու » և այլ նպատակներ չունի։
Թե ինչպե՞ս կարձագանքեն ընդդիմադիր քաղաքական ուժերն ու հանրությունը, դա էլ արդեն նրանց անկեղծության դրսևորումը կլինի։
Մելինե Արամյան