ԱՄՆ-ը փորձում է տարածվել Հայաստանում և տարածաշրջանում
Երեկ Երևան է այցելել ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՚ Բրայենը, որն Արարատ Միրզոյանի հետ անցկացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության երկրորդ և ամփոփիչ նիստը։ Օ՚ Բրայենը հայտարարել է, թե Հայաստանն ու ԱՄՆ-ն այսուհետ բարձրացնում են իրենց գործունեության մակարդակը, ռազմավարական երկխոսությունից մինչև ռազմավարական գործընկերության հանձնաժողովի մակարդակ, որը կարող է ավելի ամրապնդել համագործակցության կառուցվածքային հիմքերը։
Հարավային Կովկասում տարածվելու իր նկրտումներում Միացյալ Նահանգներն առավելապես փորձում է հենց իր կողմը քաշել Հայաստանին։ Եթե Վրաստանի նախկին արևմտամետ իշխանություններն այսօր ավելի շատ հակված են Ռուսաստանի հետ հարաբերությունները չխզելու, իսկ Ադրբեջանը բավարար ռեսուրսներ ունի Արևմուտքի և Ռուսատանի միջև մանևրելու, ապա Հայաստանի գործող իշխանությունները գրեթե մանևրելու տարբերակ չունեն, կամ պետք է լինեն Ռուսաստանի, կամ Արևմուտքի հետ։
Այս իրավիճակում Փաշինյանը նախընտրում է ի վնաս Հայաստանի շահերի հանձնվել Արևմուտքի ողորմածությանը, ԱՄՆ-ն էլ կանխիկ գումարների դիմաց Հայաստանից դուրս է մղում Ռուսաստանին։ Սրա հետևանքները դեռևս չափազանց ծանր են լինելու, իսկ Վաշինգտոնին դա կարծես առանձնապես չի հուզում, իր հիմնական նպատակը Հայաստանում տեղավորվելն է։
Էմմա Աբովյան