Արդյո՞ք հայ ժողովուրդը միակամ, ամուր, միմյանց ուրախությամբ ուրախացող, միմյանց վիշտը կիսող հանրություն է.... «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
44- օրյա պատերազմը հարված էր ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը, նրա տարածքային ամբողջականությանը, տնտեսությանն ու բանակին, այլ նաև ծանրագույն հարված Հայաստանի հայության ազգային բարոյականությանը։ Ապատիան, սթրեսները, ծանրագույն իրավիճակը, որում հայտնվել էր հայ ժողովուրդը արդեն մի քանի տարի, լրջագույն հետևանքներ են ունենում բարոյական առումով, փոխում մարդկանց փոխհարաբերությունները՝ կասկածամիտ, չվստահող դարձնելով միմյանց, զուրկ հարազատի և անծանոթի նկատմամբ կարեկցանքից։ Ասվածն, իհարկե, բոլորին չէ վերաբերում, քավ լիցի, բայց միտումները չափազանց ծանր են և վտանգավոր, որովհետև ազգային բարոյական նկարագրի կորուստը հղի է ծանրագույն հետևանքներով թե՛ Հայաստանի Հանրապետության հետագա գոյատևման և թե՛ նույնիսկ տարածաշրջանի համար։
Տասնամյակներ շարունակ հայ ժողովուրդը բարոյականության էտալոն է եղել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար, օգնող, ձեռք մեկնող, կարեկցող, հյուրասեր, ընկերասեր։ Պատերազմում կրած պարտությունը, զրկանքներն ու հազարավոր կորուստները, Արցախի հայաթափումը, մասնագետների գնահատմամբ, հոգեբանական ու բարոյական վնաս են հասցնում գրեթե ամեն օր։ Ազգային բարոյականության վերականգնումը պետք է տեղի ունենա առաջին հերթին քաղաքացիական հասարակության շրջանում, քաղհասարակության կողմից, որը իր ներսում ուժ պիտի գտնի և պատրաստ լինի ժողովրդի ու երկրի վերափոխմանը։
Իրական քաղհասարակության, այլ ոչ օտարերկրյա «գրանտներով» սնվող կազմակերպությունների: Իսկ նպատակը պետք է լինի հանրության շրջանում առաջ մղվող ազգային բարոյականության հիմքերն ապահովող ապագա ուժերի կերտումը, որ նպաստելու են հայ ժողովրդի հետագա գոյատևմանը՝ մի տարածաշրջանում, որտեղ մեր երկիրը շրջապատված է, մեղմ ասած, անբարյացկամ հարևաններով, իսկ յուրաքանչյուր օրը նոր վտանգ է բերում հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը։ Նոր ձևավորվող և իրական հիմքերով բարոյական դիմագիծ պետք է կերտել սերունդների համար, որն էլ պետք է դառնա երկրի վաղվա տերը, քանի որ ազգային բարոյականության բացակայությունը, թերի քաղաքացիական հասարակությունը իրենք իրենցով արդեն իսկ վտանգ են ներկայացնում, վկան՝ հայ ժողովրդի շրջանում տարածվող կեղծ, վտանգավոր և բարոյազուրկ նարատիվներն են։
Ասվածի ամենաթարմ օրինակը վերջերս տեղի ունեցած ջրհեղեղն էր, որի ժամանակ հանրության մի մասը նույնիսկ հարկ չհամարեց արձագանքել, մինչդեռ, եթե ջրհեղեղի հետևանքների հաղթահարման գործին լծված լիներ ողջ քաղաքացիական հասարակությունը, օգնության ձեռք մեկներ անտուն մնացած իր բարեկամին, հարևանին, ազգականին, անծանոթին, պատահական մարդուն, առաջին անհրաժեշտության ապրանքներ մատակարարեր աղետի գոտի, ոչ միայն հետևանքների վերացումն ավելի հեշտ կլիներ, այլ նաև վստահաբար կարելի կլիներ արձանագրել, որ հայ ժողովուրդը միակամ է, ամուր է, միմյանց ուրախությամբ ուրախացող, միմյանց վիշտը կիսող հանրություն է։
Ի դեպ, «քաղաքացիական հասարակություն» տերմինն իր մեջ ներառում է ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանամետ կամ չեզոք հայացքների ներկայացուցիչներին: Հետևաբար, երբ խոսվում է ազգային բարոյականության, դրա աղճատման վտանգների մասին, դա տարածվում է բոլորի գործողությունների վրա։ Ազգային բարոյականության նորմերը պահանջում են իրենց հստակ ձևակերպումը։ Այսօր հենց հայկական բարոյականության սկզբունքների հիման վրա պետք է կայացվեն ամենակարևոր որոշումները, ինչպիսիք են Սահմանադրության փոփոխությունը, ռազմավարական դաշնակիցների և տնտեսական զարգացման վեկտորի ընտրությունը, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բովանդակությունը, ինչպես նաև հետագայում որոշելու ապագա խորհրդարանի կազմը։ Հայկականության պահպանության մեջ մեծ դեր ունի նաև հայկական Սփյուռքը։ Փաստացի, հայկական օջախները նույնպես պետք է ակտիվ մասնակցություն ունենան այդ ազգային, պետականաշեն որոշումներում։ Ինչպես ասում են մեր մեծերը, երբեք ուշ չէ...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում