Հայաստանն ակտիվացնում է խորհրդարանական դիվանագիտությունը
Past.am-ը գրում է․
Հայաստանն ու Ադրբեջանն արդեն աշնանը ակտիվացնելու են խորհրդարանական դիվանագիտությունը։ Արցախյան հակամարտության ողջ ընթացքում երկու երկրների խորհրդարանները շփման առանձնակի եզրեր չեն ունեցել, առավելագույնը ԵԽԽՎ-ում կամ այլ հարթակներում միմյանց դեմ հայտարարություններ անելն ու իրար մեղադրելն է եղել։
Այս տարի առաջին անգամ մարտի 22-ին Ժնևում կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահներ Ալեն Սիմոնյանի ու Սահիբա Գաֆարովայի հանդիպումը, ինչը հայկական կողմը կառուցողական էր որակել։ Արդեն մայիսի 17-ին նույն Ժնևում Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում կայացել էր երկրորդ հանդիպումը։
Հայկական և ադրբեջանական կողմերը մանրամասներ չէին հայտնել հանդիպումից, այդուհանդերձ, բարձրացվել է հուզող բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող գերիների։ Տեղեկություններ կան, որ առաջիկայում նման հանդիպումներն ավելի ինտենսիվ են դառնալու։ Նախնական պայմանավորվածության համաձայն` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերին Ժնևում կհանդիպի Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահին։
Արամ Ֆարմանյան