Երեւանում Վիվալդիի գլուխգործոց «Տարվա եղանակները» կներկայացվի նորարարական լուծումներով եւ ռեմիքսով
Առաջին անգամ Հայաստանում տեղի կունենա բացառիկ նախագիծ.
Վիվալդիի գլուխգործոց «Տարվա եղանակները» կներկայացվի նորարարական լուծումներով, DJ ռեմիքսով: «Vivaldi DJ» խորագրով համերգը տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 19։00-ին: Միջոցառմանն ընդառաջ երեկ՝ սեպտեմբերի 5-ին կայացավ մամուլի ասուլիս, որի հիմնական բանախոսները՝ «Նյու Ջեներեյշն Փրոջեքթ»-ի գործադիր տնօրեն՝ Շմավոն Գրիգորյանը, Նյու Ջեներեյշն նվագախմբի գեղարվեստական ղեկավար՝ Նարեկ Գասպարյանը, Beatbox
հայկական ասոցիացիայի ղեկավար՝ Բագրատ Տերտերյանը /DJ BeatMan/, կոմպոզիտոր, գործիքավորող, երգահան, դաշնակահար Արման Պեշտմալջյանը և ջութակահար՝ Էրիկ Մանուկյանը խոսեցին
նախագծի գաղափարի, բացառիկության և սպասվող անակնկալների մասին։
Նարեկ Գասպարյանի խոսքով նախագծի նպատակը դասական ու սիրված ստեղծագործության միախառնումն է
գերժամանակակից տեխնոլոգիաների հետ: Այս նոր մոտեցումը կսիրվի ինչպես արդեն փորձառու մասնագետների, այնպես էլ դասական արվեստին ոչ այդքան մոտ հանդիսատեսի կողմից։
Շմավոն Գրիգորյանը խոսելով նախագծի մտահաղացման մասին, նշեց: «Նախագծի մտահաղացումը մեր թիմի մոտ առաջացել էր դեռ նախորդ տարվանից։ Մենք միշտ փորձում ենք կյանքի կոչել տարբերվող և ինքնատիպ նախագծեր։ Ու այս նախագիծը ևս տեսակով բացառիկ է, քանի որ թե՛
Հայաստանում, թե՛ ամբողջ աշխարհում սա լինելու է առաջին անգամ: Մեզ հաջողվել է համախմբել տաղանդավոր ստեղծագործողների և արդյունքը միանշնական գոհացնելու է մեր հանդիսատեսին։ Եվ սա ևս մեկ առիթ է երիտասարդներին ավելի մոտեցնելու դասական արվեստին։ Ու նաև կուզենամ նշել, որ առաջիկայում՝ արդեն իսկ տարվում են բանակցություններ աշխարհի մի շարք երկրներում ներկայացնելու Vivaldi DJ նախագիծը»:
Բագրատ Տերտերյանը նշեց, որ Vivaldi DJ նախագիծը աննախադեպ է, երաժշտական աշխարհի տարբեր բևեռների համադրություն է և իր համար իսկապես մեծ պատասխանատվություն էր Անտոնիո
Վիվալդիի նման մեծության երաժշտությունը մշակել ժամանակակից երաժշտական տենդենցներին
համապատասխան՝ իհարկե պահպանելով մեղեդին սկզբնական «տեսքով»: Ըստ նրա ամբողջ թիմին հաջողվել է կատարել պատշաճ աշխատանք՝ և՛ դասական արվեստի տեսակետից, և՛ նորարարական լուծումների կիրառման։
Արման Պեշտմալջյանն ու Էրիկ Մանուկրանն էլ փաստեցին, որ նման նախագիծ աշխարհում չի եղել, քանի որ օգտվել են Վիվալդիի «Տարվա եղանակների» օրիգինալ պարտիտուրայից և տոնայնության հետ կապված առհասարակ ոչ մի փոփոխություն չի կատարվել։ Հանդիսատեսը լսելու է Վիվալդիի «Տարվա եղանակները» օրիգինալ՝ լարային կազմով, որին ուղղակի ավելացրել են նոր գույներ ու տվել են նոր լուծումներ։ Մշակումները լրիվ նոր են և արվել են 0-ից։
Նախագիծն ունի շարունակական բնույթ. առաջիկայում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում նախատեսվում են VIVALDI DJ, Aram Khachaturian DJ, Arno Babajayan DJ, Mozart DJ և այլ նախագծեր:
Հանդիսատեսին սպասվում է բացառիկ համերգ լի վառ ու հիշվող զգացողություններով։