Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում տեղի է ունեցել «Հայկական դուդուկի կանչը» խորագրով 2-րդ փառատոնը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել «Հայկական դուդուկի կանչը» խորագրով 2-րդ փառատոնը։
Փառատոնի մեկնարկը ազդարարվել է Սարդարապատի հուշահամալիրից «Վահագն» դհոլահարների անսամբլի (ղեկավար՝ Արազ Օրդյան) քայլերթով դեպի թանգարան։
Ծրագրի շրջանակում թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացվել է «Հայկական դուդուկի մեղեդիները» խորագրով ցուցադրությունը:
Հայոց ազգագրության թանգարանի բացառիկ հավաքածուի հետ առաջին անգամ ներկայացվել է նաև վարպետաց վարպետ Կարո Չարչօղլյանի անձնական նվագարանը՝ դուդուկը: Այնուհետև թանգարանի կենտրոնական դահլիճում Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի նվագակցությամբ առանձին կատարումներով հանդես են եկել դուդուկահար-վարպետներ Գևորգ Դաբաղյանն ու Կամո Սեյրանյանը։