«Հաչող շունը ատամ չունի, որ կծի». ՔՊ-ն կրկին իր վախերն է ցուցադրում
Հայաստանում իբր իշխանության յուրացման փորձի վերաբերյալ հաղորդագրությունը, որն արդեն հասցրել է ծաղրի առարկա դառնալ, լավ առիթ է դարձել գործող իշխանությունների և նրանց սպասարկուների համար ահասարսուռ հեքիաթներ հորինելու, դրանցով հանրությանը կերակրելու, նաև ընդդիմախոսների դեմ ցեխարձակման փնթի արշավ սկսելու համար։
Ավելին, մեղադրանքի սլաքները Ռուսաստանում բնակվող հայերի և արցախցիների դեմ ուղղելուց հետո փաշինյանական քարոզչամեքենան չի հանդարտվել, կեղտոտ մի տեսահոլովակ են պատրաստել՝ սպառնալիքներ տեղացել, ապա և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անձնական օգտագործման քարոզչամիջոցով բոցավառ մի տեքստ երկնել։ Մասնավորապես, կեղծ էջերով տարածվող տեսահոլովակում պնդումներ կան, թե իբր ՌԴ-ն Հայաստանում հեղաշրջում է նախապատրաստում, իբր դրա համար 15 մլն դոլար է հատկացվել։ Բայց առավելապես թիրախավորել են պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին, ընդհուպ սպառնում են ֆիզիկական հաշվեհարդարով, 24 ժամ են տալիս՝ ինչ-որ հայտարարություն հերքելու։ Իշխանական քարոզչամիջոցն էլ ափալ-թափալ հոդված է գրել այդ մասին։
Ժողովուրդն ասում է. «Հաչող շունը ատամ չունի, որ կծի»։ Իշխանությունն ու նրա խամաճիկներն էլ, եթե համարձակություն ունենային պահանջներ կներկայացնեին Ադրբեջանին, օրինակ, դուրս գալ ՀՀ ինքնիշխան տարածքից, կպաշտպանեին սեփական երկրի անկախությունը, քայլեր կանեին հայկական բանակը վերականգնելու ուղղությամբ։ Փաշինյանական իշխանությունն այլ երկրների հետ հարաբերություններում իսկական «կուռկուռի ձագ» է, դուխն էլ հազիվ հերիքում է սեփական քաղաքացիներին սպառնալու ու ահաբեկելու՝ հերթական անգամ ապացուցելով, որ դողում են իրենց աթոռի համար ցուցադրում են իրենց վախերը։
Նրանց համարձակությունը հազիվ բավարարում է զրո ազդեցությամբ մարդկանց և ֆեյքերի հետևում թաքնվելով սպառնալիքներ տեղալ քաղաքական ընդդիմախոսների հասցեին։
Իսկ թե ինչու են այդքան վախեցած Արշակ Կարապետյանից` դժվար է ասել...
Երևի մի բան գիտեն։
Ի դեպ, միշտ պետք է վախենալ նրանցից, ովքեր ոչ սպառնում են, ոչ էլ սպառնալիքներին են պատասխանում։
Արթուր Գասպարյան