Խախտվել է պաշտպանյալի անմեղության կանխավարկածը. ինչ է կատարվում « Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ-ի նախագահի ու տեղեկալների հափշտակության գործով
Շաբաթվա սկզբին Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, թե «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության նախագահներն ու նրա տեղակալը հափշտակել են խոշոր չափերով գումար։
Գործով մեղադրյալներ Ա․ Գ․-ի և Մ․Հ․-ի շահերի պաշտպան, փաստաբան Վահագն Ջիվանյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ դատախազության կողմից խախտվել է իր պաշտպանյալների անմեղության կանխավարկածը՝ քննությամբ ձեռք բերված տվյալները ներկայացնելով ընտրովի և որպես դատավճիռ։
«Մեղադրանքը անհիմն է և անօրինական, այն հիմնված է կեղծ փաստաթղթերի վրա, իսկ ընտրովի սկզբունքով հարցաքննված վկաներըը ՀԽՄ ՀԿ ներկայիս ղեկավարության հետ գտնվում են թշնամական հարաբերությունների մեջ, հանդիսանում են նախկին նախագահի մտերիմները»,-ասաց փաստաբանը։
Նրա խոսքով՝ գործի նախապատմության հիմքում երկու եղբայրների տարաձայնություն է, երբ հարկային ստուգումների համար նախկին նախագահը խնդրել է իր եղբորը՝ դրամարկղի ելքի անդորրագրեր ստորագրել։ Վահագն Ջիվանյանի փոխանցմամբ՝ թեև բազում փաստեր են ներկայացվել այդ կտրոնների ոչ վավեր լինելու, ՀԽՄ ՀԿ նախկին նախագահի կողմից առերևույթ թույլ տված չարաշահումների, կեղծ փաստաթղթերով նախագահ ընտրվելու, ՀԽՄ-ին պատկանող շենքը գրոշներով սեփականաշնորհելու մասին, սակայն իրավապահ մարմինները դրանց ընթացք չեն տվել, հակառակը, կայացվել է որոշում ՀԽՄ ՀԿ նախկին նախագահի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին, որն էլ իրենց կողմից բողոքարկվել է։
Փաստաբանը նշեց, որ բազմիցս միջնորդել են հարկային ստուգում անցկացնել նախկին նախագահի պաշտոնավարման ժամանակ, դատահաշվապահական փորձաքննություն իրականացնել, ինչը թե քննիչը, թե դատախազը մերժել են։
Ի դեպ, իր պաշտպանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ բողոքները բավարարվել են և Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը վերացրել է դրանք՝ անհիմն համարելով։ Նա վստահ է, որ գործի դատաքննության ընթացքում կհաջողվի ապացուցել իր պաշտպանյալների անմեղությունը։