Արարատ Միրզոյանը դարձել է թուրքական ԶԼՄ-ների աստղը
Նախօրեին Հայաստանի խորհրդարանում արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վերաբերյալ, լայն արձագանք է գտել թուրքական մամուլում։ Ազգային ժողովում հարցերին պատասխանելու ժամանակ, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ։
Միրզոյանը նաև բացահայտ կրկնել էր թուրքական նարատիվները՝ պատմաբանների հանձնաժողովի մասին՝ փաստացի դառնալով ժխտողականության դրոշակակիրը Հայաստանում։ Թուրքական ԶԼՄ-ներում Միրզոյանի այս հայտարարությունն անվանել են «անսպասելի», «զարմանալի», «կարծրատիպերը քանդող» և նմանատիպ այլ հոմանիշներով։
Եվրոպական որոշ երկրներում, ի դեպ, նման կարծիք հայտնելու համար Արարատ Միրզոյանին քրեական պատասխանատվության կենթարկեին՝ Հայոց ցեղասպանության ժխտման հոդվածով։
Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ, ՀՀ-ում արտգործնախարարի կարգավիճակ ունեցողի հայտարարությունը խոսում է ոչ միայն գործող իշխանության` թուրքական առաջնահերթություններով առաջնորդվելու, այլ Հայաստանի անվտանգությունը նոր հարվածի տակ դնելու մասին։ Պատգամավորը հիշեցրել է, որ հայ-թուրքական գործընթացի տարբեր փուլերում` անկախության հռչակումից մինչև Սերժ Սարգսյանի նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտություն», թեման միշտ պահվել է արտաքին քաղաքականության առաջնային օրակարգում: «Ցեղասպանության ժխտումը հղի է նոր ողբերգություններով և նաև սրանով է պայմանավորված, որ մեծ թվով երկրներ, դրանց խորհրդարանները ոչ միայն դատապարտել, ճանաչել են Թուրքիայի կողմից Ցեղասպանության իրականացումը, այլ տարաբնույթ բանաձևեր են ընդունել»,- նշել է Աբրահամյանը:
Մանե Սահակյան