Ինքնաuպանության փորձ է արել գաուբախտում կախված զինծառայողի մայրը
Նախօրեին իր կյանքին վերջ տալու փորձ է արել բանակում օրերս զոհված զինծառայող Նարեկ Գրիգորյանի մայրը՝ տիկին Վարսիկը, ում որդու դին հայտնաբերել էին Ռազմական ոստիկանության կարգապահական գումարտակում (գաուբախտ)։ Խիստ կասկածելի հանգամանքներում կախված հայտնաբերված զինվորի մայրը անցած ուրբաթ որդուն հուղարկավորելուց պարբերաբար ասել է, որ 4 օրից գնալու է որդու մոտ։
Բռով հաբեր ընդունած սգավոր մոր կյանքը հաջողվել է փրկել։ Բարեբախտաբար, անչափահաս դուստրերն ու ամուսինը հասցրել են ժամանակին հիվանդանոց և փրկել նրա կյանքը։ Այս մասին հայտնում են Euromedia24.com-ի աղբյուրները։
Հիվանդանոցից դուրս է գրվել զոհված զինվորի մայրը, բայց ընտանիքն իր հետ կատարված ողբերգությունից ու այս ամբողջ կատարվածից հետո դեռ ուշքի չի գալիս, անորոշության մեջ են նաև, քանի որ որդու մահվան վերաբերյալ տարբեր վարկածներ են շրջանառվում, իսկ իրենք հստակ պատասխան չունեն ՝ ինչպես կարող էր ռազմական ոստիկանության կարգապահական գումարտակում, այսինքն՝ լիովին վերահսկվող ռազմական տարածքում ինքնասպանություն կամ սպանության միջադեպ լինել ու դրան չհետևի Ռազմական ոստիկանության պարզաբանումը, չլինեն ձերբակալություններ ու չհնչեն պատասխաններ՝ Պաշտպանության նախարարությունից։
Նշենք, որ այս տարի բանակ զորակոչված Նարեկ Գրիգորյանի մահվան դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 13-ին, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Իջևանի ՌՈ կարգապահական գումարտակում հայտնաբերվել էր զինծառայող 19-ամյա Նարեկ Գրիգորյանի դին։ Նարեկը 7 ամսվա զինծառայող էր, ապրում էր Արարատի մարզի Աբովյան գյուղում, ծնողների միակ որդին էր, ուներ 3 անչափահաս քույր։ Ըստ նախնական վարկածի՝ Նարեկ Գրիգորյանին գտել են կախված վիճակում։