Պակիստանը նշել է միջուկային զենքից հրաժարվելու պայմանների մասին
Պակիստանի վարչապետ Իմրան Խանն ասել է, որ Իսլամաբադը պատրաստ է հրաժարվել միջուկային զենքից, եթե նույն քայլերը ձեռնարկի նաեւ Նյու Դելին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Fox News հեռուստաալիքին։
«Այո,- ասել է Խանը հեռուստաալիքի հարցազրույցում,՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Պակիստանը պատրաստ է հայելային պատասխան տալ միջուկային զենքից Հնդկաստանի հնարավոր հրաժարվելուն։ «Որովհետեւ միջուկային պատերազմը ելք չէ։ Իսկ միջուկային պատերազմի գաղափարն ինքնին Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ նշանակում է ինքնաոչնչացում»,- ավելացրել է վարչապետը՝ հիշեցնելով, որ Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ սահմանի երկարությունը գրեթե 3 հազար կիլոմետր է։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն էր հայտնել միջնորդ լինել Հնդկաստանի եւ Պակիստանի վեճում։ Նա ասել էր, որ հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ երկու շաբաթ առաջ։ Թրամփի խոսքով՝ վարչապետն առաջարկել է նրան միջնորդ հանդես գալ Քաշմիրի կարգավորման հարցում։ Ինչպես նշել է Հնդկաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռավիշ Կումարը, Հնդկաստանը չի խնդրել Թրամփին հանդես գալ միջնորդի դերում։
Ջամու եւ Քաշմիրը հնդկական միակ նահանգն է, որտեղ բնակչության մեծամասնությունը մուսուլմաններ են, այստեղ ակտիվորեն գործում են անջատողականները, որոնք հանդես են գալիս նրա անկախության կամ Պակիստանին միանալու օգտին։ Միեւնույն ժամանակ, Քաշմիրում Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ պաշտոնական սահմաններ չկան, երկու պետությունների բանակներին բաժանում է վերահսկողության գիծը։ Նյու Դելին մեղադրում է պակիստանյան իշխանություններին զինված անջատողականներին աջակցելու մեջ։ Իսլամաբադն այդ մեղադրանքները հերքում է՝ ասելով, որ Քաշմիրի բնակիչները ինքնուրույն պայքարում են իրենց իրավունքների համար։