Ո՞ր կառույցում է բացահայտվում նպաստառուի վարկերի մասին տեղեկատվությունը. ԼՀԿ պատգամավորը պարզաբանեց
Ներկայումս անձին նպաստ նշանակելիս նա պետք է ներկայացնի տեղեկանք, որտեղ նշվում է իր վարկային պարտավորությունների մասին ամբողջական տեղակատվությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե արդյոք բանկային գաղտնիքի մասին օրենսդրության խախտում չէ այն, որ ՀՀ վարչապետը հայտարարել է, որ ՀՀ-ում 11 հազար նպաստառու ամեն ամիս 100 հազար եւ ավել դրամի չափով վարկ է փակում:
«Բանկային գաղտնիքի հետ առնչության մասով ուզում տեղեկացնել, որ մեր իրավաբանները դուրս բերեցին անհրաժեշտ իրավական հիմքերը: Մասնավորապես, 2014 թվականի հունվարի 30-ին եղել է կառավարության որոշում «Պետական նպաստների մասին» օրենքի կիրարկումն ապահովելու մասին», որով սահմանվում է նաեւ ընտանիքների անապահովությանն գնահատման համակարգում հաշվառվելու համար պետք է ներկայացնել դիմում-հայտարարագիր: Այստեղ սահմանված է այն փաստաթղթերի ցանկը, որն անհրաժեշտ է նպաստ նշանակելու համար: Դրանցից մեկով նախատեսվում է, որ ԱՔՐԱ վարկային բյուրոյից պետք է տեղեկանք ներկայացնել, այդ թվում ընտանիքի չափահաս անդամի տվյալ պահին առկա վարկային պարտավորությունների եւ ժամկետանց վարկերի մասին»,-ասաց Խաչատրյանը:
Հետեւաբար, խոսել բանկային գաղտնիքի բացահայտման մասին, ստացվում է, որ տեղին չէ, քանի որ անձն ինքն է ներկայացնում այդ տեղեկատվությունը»:
Հարցին, թե եթե նպաստ նշանակող մարմինը տեսնում է, որ տվյալ անձը բարձր վարկեր ունի, ինչպե՞ս է նպաստ նշանակում, «Լուսավոր Հայաստանի» պատգամավորը խպատասխանեց. «Դա խնդրի երկրորդ կողմն է: Ես կարծում եմ, որ նպաստի մերժման հիմքերը պետք է նախատեսվեն օրենքով: Օրենսդրական բաց ունենք եւ միայն ամբողջական ուսումնասիրության դեպքում կարելի է վերջնական եզրահանգումներ անել: Պե՞տք է նպաստ նշանակել, թե ոչ, արդյոք պետք է նկատի ունենալ վարկերի առկայությունը եւ ինչ չափով, այս հարցերին կարելի է անդրադարձ կատարել համալիր ուսումնասիրությունցի հետո:
Որովհետեւ կան դեպքեր, որ նպաստառու տատիկ-պապիկների անունով շատ բարեկամներ վարկեր են վերցնում: Այսինքն պարզապես նրա անունով են ձեւակերպում: Պետք է նաեւ հասկանալ, թե որ դեպքում այդ մարդիկ վարկային պարտավորություն ունեն, եւ որ դեպքում են այդ վարկային պարտավորությունները այլ անձանց վերաբերվում»,-ասաց նա:
Նշենք, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի էջում գրել էր, որ ՀՀ-ում մոտ 11 հազար նպաստառու ամեն ամիս 100 հազար եւ ավել դրամի չափով վարկ է փակում: