Սողանքի զոհերի թիվը Չինաստանի հարավ-արեւմուտքում հասել է 38-ի
Չինաստանի հարավարեւմտյան Գույչժոու նահանգում սողանքից զոհերի թիվը հասել է 38-ի, եւս 13 մարդ համարվում է անհետ կորած, երկուշաբթի տեղեկացրել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Ավելի վաղ տեղեկացվել էր 26 զոհի եւ 25 անհետ կորածի մասին։
Սողանքը տեղի է ունեցել անցած երեքշաբթի, Լյուպանշույ օկրուգի Շույչեն գավառում, ժամը 21.20-ին։ Այն վնասել է 23 տնային տնտեսություն, ընդ որում՝ ավելի քան 20 շինություն, ներառյալ բնակելի տներ, լրիվ թաղվել են հողի տակ։
Որոնումները չեն դադարել հանգստյան օրերին։ Երկուշաբթի առավոտվա դրությամբ հիվանդանոցներում դեռ 11 մարդ կա, որոնք տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Որոնողա-փրկարարական աշխատանքներին մասնակցում են հրշեջները, փրկարարները, զինվորականները, ոստիկանությունը, կամավորականներ, ներգրավված են խուզարկու շներ։