Մեծ Բրիտանիայում վաճառքի է հանվել 250 մլն տարեկան հանգած հրաբուխ
250 մլն տարեկան հանգած հրաբուխը Մեծ Բրիտանիայում վաճառքի է հանվել 50 հազար ֆունտ ստեռլինգով (60 890 դոլար), տեղեկացնում է Fox News-ը։
Հողի այդ «պատմական» կտորը, որն այժմ հայտնի է որպես Փոսբերի-Քլեմփ, գտնվում է Դեւոն կոմսությունում եւ նշված է որպես հատուկ գիտական հետաքրքրություն ներկայացնող տեղամաս։
Հայտնի է, որ մոտավորապես հարյուր տարի առաջ հանգած հրաբխի տեղում կառուցվել է բազալտի քարհանք, որն օգտագործվել է տեղի Կրեդիտոն եկեղեցու եւ հանրահայտ Մեդլանդ կալվածքի կառուցման համար։
Անշարժ գույքի վաճառքի Jackson Stops գործակալությունը, որը սակարկություններին է ներկայացրել հանգած հրաբուխը, իր գովազդում նշում է, որ սա «հազվադեպ շանս է ինչ-որ մեկի համար՝ իրեն համարելու սեփական հրաբխի հպարտ սեփականատեր»։