Եթե հացը թանկանա, դա կլինի արհեստական. գյուղատնտես
Հայաստանում հացի թանկացում չի սպասվում: NEWS.am- ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց գյուղատնտես Հրաչ Բերբերյանը' անդրադառնալով այս տարի ցորենի բերքի սակավությանը:
Նշենք, որ ըստ որոշ գնահատականների՝ այս տարի ցորենի բերքը նախորդ տարվա համեմատ քիչ է 90 հազար տոննայով:
«Հայաստանը միշտ եղել է ցորեն ներկրող երկիր եւ այդպիսին էլ մնալու է: Մեր գյուղացիներին այդքան էլ ձեռնտու չէ ցորեն մշակել: Ցորենից գյուղացիները միշտ օգտվել են ցանքաշրջանառության ժամանակ, որը միշտ լավ արդյունք է տվել»,- ասաց գյուղատնտեսը:
Բերբերյանի կարծիքով ցորենի քիչ բերքն այս տարի պայմանավորված է Շիրակի մարզում կարկտահարությամբ եւ երաշտային տարի լինելու հանգամանքով, ոռոգման համակարգի վատ աշխատելու հետեւանքով:
Գյուղատնտեսի խոսքով եթե, այնուամենայնիվ, հացի թանկացում լինի, արհեստական է լինելու, իշխանությունները կօգտվեն բերքի քիչ լինելու հանգամանքից: