ՊԵԿ-ը «Սպայկայի» գործով նորություն չունի
«Սպայկա» ընկերության գործով 10 մլրդ դրամ վնասից վերականգնվել է դեռ 1 մլրդ դրամը: Այս մասին օգոստոսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
Նա պարզաբանեց, որ հաշվի առնելով այն, որ ընկերությունը զբաղվում է գյուղատնտեսական արտադրանքի արտահանման կարեւոր գործունեությամբ, վնասի վերականգնման բոլոր միջոցառումներն իրականացվում են մանրակրկիտ եւ այնպես, որ չտուժեն «Սպայկայի» հետ կապված մյուս տնտեսվարող սուբյեկտները
Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ՊԵԿ քննչական վարչության քննիչի միջնորդությունը և «Սպայկա» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ երկամսյա կալանքի որոշում կայացրել։
2019 թ. ապրիլի 4-ին Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չկատարելը):
Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7.036.666.312 ՀՀ դրամ մաքսատուրք եւ հարկ։
Մայիսի 4-ին հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերացել են «Սպայկա» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանքի տակ պահելու հիմքերը, ինչպես նաև այն, որ քրեական գործի շրջանակներում վերջինս միասնական հաշվեհամարին վճարել է 1.000.000.000 ՀՀ դրամ գումար, ուստի նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել խափանման միջոցը՝ կալանավորումը փոփոխելու եւ նրան ազատ արձակելու մասին: