Տիգրան Խաչատրյանին է ներկայացվել 71 հարկ ունեցող երկնաքերի կառուցման հայեցակարգը. կլինի նաեւ ճոպանուղի
ՀՀ էկոնոմիկայի նախարարն այսօր՝ օգոստոսի 23-ին, հանդիպել է «Լաուրա ինվեսթմենթ» ընկերության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Երեւանում կառուցվելիք երկնաքերի հայեցակարգը։
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախաձեռնողները շնորհանդեսի ընթացքում ներկայացրել են Երեւանում 270 մետր բարձրությամբ եւ 71 հարկ ունեցող երկնաքերի ներդրումային ծրագիրը․ բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի նախագծային աշխատանքները կտեւեն մոտ 2 տարի, իսկ շինարարական աշխատանքները՝ 5։
Ներկայացվել են համալիրի սեյսմիկ կայունության ապահովմանը միտված քայլերը։
Ընդհանուր առմամբ, ներդրումները կազմելու են 270 մլն ԱՄՆ դոլար։ Նշվել է, որ նախատեսվում է շինարարությունն իրականացնել ներկայիս Դալմայի այգիների հարակից տարածքում, որտեղ ընկերությանն առաջարկվում է ստեղծել եւ բարեկարգել նաեւ ենթակառուցվածքներ՝ այգիներ, խաղահրապարակներ, հանգստի գոտի եւ ճոպանուղի: Ընկերության ղեկավար Դավիթ Չիթչյանի խոսքով՝ համալիրի շուրջ կա լուրջ հետաքրքրություն։
Նախարար Խաչատրյանը վստահեցրել է, որ ներդրողները կզգան նախարարության աջակցությունը այն բոլոր հարցերում, որտեղ կլինի դրա անհրաժեշտությունը։ Նախարարն առաջարկել է դիտարկել տեղական արտադրության ներուժի օգտագործման հնարավորությունները ծրագրի իրականացման ընթացքում։
«Լաուրա ինվեսթմենթի» գործընկեր «Բայնոնա ինժեներական խորհրդատվություն» ընկերությունը ներկայացրել է իրենց կողմից իրականացվող ծրագրերը, ինչպես նաեւ համալիրի կառուցմանն առնչվող հարցեր։