Չինաստանում խոստացել են միջոցառումներ ընդունել, եթե ԱՄՆ-ն մաքսատուրքերը լրացուցիչ բարձրացնի
Չինաստանն անհրաժեշտ պատասխան միջոցառումներ կընդունի, եթե ԱՄՆ-ն չինական ապրանքների համար մաքսատուրքերը լրացուցիչ բարձրացնի, Պեկինի վրա սպառնալիքները չեն ազդում, երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«ԱՄՆ այս քայլը Օսակայում 2 երկրների առաջնորդների պայմանավորվածության լուրջ խախտում է: Պետք է ասեմ, որ սպառնալիքներն ու ահաբեկումները Չինաստանի դեպքում չեն գործի... Եթե ԱՄՆ-ն իսկապես այս քայլին գնա, ապա Չինաստանը կշարունակի անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել իր տնտեսական իրավունքներն ու շահերը ապահովելու համար»,- հայտարարել է դիվանագետը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ գործողությունները ցուցադրում են բազմակողմ առեւտրի կանոնների լիակատար քամահրումը, խափանում են 2 երկրների շահերը, գլոբալ արտադրական եւ մատակարարումների շղթաների ամբողջականությունը, ինչպես նաեւ բացասական ազդեցություն ունենում միջազգային առեւտրի եւ տնտեսական աճի վրա:
«Մենք ԱՄՆ-ին կոչ ենք անում զերծ մնալ իրավիճակի սխալ գնահատումից եւ դադարեցնել սխալ գոծողությունները»,- նշել է նա:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ սեպտեմբերի 1-ից ԱՄՆ-ն Չինաստանից 300 մլրդ դոլար ծավալով ապրանքների մաքսատուրքերը կբարձրացնի ոչ թե 10 տոկոսով, ինչպես ծրագրած էր, այլ 15 տոկոսով, 250 մլրդ դոլար ծավալով այլ խմբի ապրանքների համար բարձրացումը հոկտեմբերի 1-ից կկազմի ոչ թե 25, այլ 30 տոկոս:
Թրամփի որոշումը հաջորդել էր Չինաստանի կողմից տարեկան 75 մլրդ դոլար ծավալով ամերիկյան ապրանքների ներմուծման լրացուցիչ մաքսատուրքերի սահմանմանը: 5078 անուն ապրանքների լրացուցիչ մաքսատուրքերը ուժի մեջ են մտնելու սեպտեմբերի 1-ին եւ դեկտեմբերի 15-ին: Այս քայլը պատասխանն էր ԱՄՆ որոշմանը սեպտեմբերի 1-ից եւ դեկտեմբերի 15-ից 300 մլրդ դոլար ծավալով չինական ապրանքների ներմուծման 10 տոկոս մաքսատուրքի սահմանման մասին: