Կրասնոդարում ադրբեջանցուն 22 տարվա ազատազրկման են դատապարտել Սոչիում մանկահասակ աղջկա սպանության համար
Կրասնոդարի երկրամասային դատարանը հրապարակել է Ադրբեջանի 30-ամյա քաղաքացու դատավճիռը: Նա մեղավոր է ճանաչվել մանկահասակ աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների կատարման (ՌԴ ՔՕ 132-րդ հոդվածի 4-րդ մասի «բ» կետ) եւ նրա սպանության (ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետ) մեջ: Տղամարդը դատապարտվել է 22 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում:
Ավելի վաղ «Ъ-Кубань»-ը հայտնել էր, որ 2018 թվականի մարտի 13-ի գիշերը մեղադրյալը Սոչիի Ադլերի շրջանի Բեստուժեւո գյուղում տանը մենակ է եղել իր կենակցուհու 5-ամյա դստեր հետ: Աղջկա հղի մայրն այդ ժամանակ հիվանդանոցում էր: Ադրբեջանցին երեխայի նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, որից հետո մի քանի անգամ հարվածել է նրա կրծքավանդակին եւ փորին: Դրանից հետո գնացել է քնելու:
Տղամարդն առավոտյան հայտնաբերել է, որ երեխան կյանքի նշաններ ցույց չի տալիս, որից հետո նրա մարմինը դրել է պայուսակի մեջ եւ տարել գետափ, որտեղ ծածկել է քարերով: Նա հարեւաններին հայտնել է, թե երեխան կորել է եւ անգամ նրա որոնումներն է կազմակերպել, այնուհետեւ դադարել է կապ հաստատել: Ավելի ուշ տղամարդուն ձերբակալել են Ադլերի հոսթելներից մեկում:
Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ աղջկա մահը վրա է հասել որովայնի վնասվածքի հետեւանքով: Տղամարդու նկատմամբ դատավճիռը օրինական ուժի մեջ է մտել: