Արեւմտյան գերիշխանությունն աշխարհում ավարտվում է. Մակրոն
Արեւմտյան գերիշխանության դարաշրջանն աշխարհում մոտենում է ավարտին աշխարհաքաղաքական փոփոխությունների պատճառով։ Այս մասին երեքշաբթի ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով հանրապետության դեսպանների խորհրդակցությունում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք տեսնում ենք աշխարհում արեւմտյան հեգեմոնիայի ավարտը,- նշել է նա։- Հանգամանքները փոխվում են»։ Նրա խոսքով՝ «դա, մասնավորապես, նշանակում է նոր տերությունների ամրապնդում»։ «Չինաստանը դուրս է եկել առաջին շարք, իսկ Ռուսաստանը փորձում է հասնել մեծ հաջողության իր ռազմավարության հարցում»։
Առանց Ռուսաստանի անհնար է կառուցել վստահության եւ անվտանգության նոր ճարտարապետություն Եվրոպայում, նշել է Ֆրանսիայի նախագահը։
Մակրոնն ավելացրել է, որ Ֆրանսիայի ԱԳ եւ զինված ուժերի նախարարությունների ղեկավարները մի քանի օրից կմեկնեն Մոսկվա՝ բանակցությունների։