Քանի դեռ հիփոթեկային վարկավորմա ծրագիրը չի աշխատի մարզերում, հավասարաչափ զարգացում չի լինի. Մարուքյան
Քանի դեռ հիփոթեկային վարկավորման ծրագիրը չի աշխատի մարզերում, հավասարաչափ զարգացում չի լինի։ Այս մասին Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ Facebook-ում օգոստոսի 27-ի զրույցում ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով՝ իրենց խմբակցությունը հանդես է գալիս մի նախագծով, որի համաձայն՝ հիփոթեկային վարկավորման ծրագիրը եկամտահարկի վերադարձով կկիրառվի նաեւ մարզերում երկրորդային շուկայի համար։
«Հաշվի առնելով այն, որ այնտեղ գործնականում բացակայում է նոր բնակելիների շինարարությունը, մարզերի վճարունակ քաղաքացիները նախընտրում են բնակարաններ գնել մայրաքաղաքի նորակառույցներում, քանի որ մարզերում ողջ բնակելի ֆոնդը հնացել է։ Հետեւողական ենք լինելու այն հարցում, որպեսզի այդ օրինագիծը չանտեսվի, ինչպես դա արվեց ԱԱԾ-ի եւ Ոստիկանության՝ նախարարությունների վերածման նախագծի դեպքում»,- նշել է նա։
Մարուքյանը նշել է մարզերում կյանքի աշխուժացման կարեւորությունը մշակութային եւ կրթական ծրագրերի իրականացման միջոցով։ «Հաշվի առնելով այն, որ մաքսատունը Երեւանից տեղափոխվում է Գյումրի, առաջարկում եմ մայրաքաղաքի մի քանի բուհեր տեղափոխել, օրինակ, Վանաձոր, ինչն էապես կաշխուժացնի քաղաքը»,- ամփոփել է նա։