Պուտինը հավանություն է տվել թուրք-սիրիական սահմանին անվտանգության գոտու ստեղծմանը
Անվտանգության գոտու ստեղծումը թուրք-սիրիական սահմանին լավ պայման է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման համար, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք հասկանում ենք Թուրքիայի մտահոգությունը՝ կապված իր հարավային սահմանների անվտանգության ապահովման հետ, կարծում ենք, որ դա Թուրքիայի Հանրապետության օրինական շահն է։ Մենք ելնում ենք այն բանից, որ անվտանգության գոտու ստեղծումը Թուրքական Հանրապետության համար նրա հարավային սահմանին լավ պայման կլինի Սիրիայի տարածքային ամբողջականության ապահովման համար»,- Պուտինի խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Պուտինն ավելացրել է, որ Ռուսաստանը եւ Թուրքիան հանդես են գալիս հօգուտ Սիրիայի տարածքային ամբողջականության, անթույլատրելի է բաժանել այդ երկիրն ազդեցության գոտիների, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Բացի այդ, Պուտինն ասել է, որ Մոսկվան եւ Անկարան լրացուցիչ միջոցներ են նախանշել Իդլիբում ահաբեկիչների վերացման համար։ Ռուսաստանի նախագահի կարծիքով՝ անհրաժեշտ է կենտրոնանալ Սիրիայում իրավիճակի կայունացման վրա։
«Ռուսաստանը եւ Թուրքիան լրջորեն մտահոգ են Իդլիբի իրավիճակով, համոզված են, որ լիցքաթափման գոտին չպետք է ահաբեկիչների հանգրվան դառնա»,- ասել է Պուտինը։
Նա նաեւ տեղեկացրել է, որ Էրդողանի հետ քննարկել է սիրիական սահմանադրական կոմիտեի ձեւավորումը, եւ հույս է հայտնել, որ այն աշխատանքը կսկսի Ժնեւում առաջիկայում։