Հայաստանը պետք է ազատվի փոքր պետության բարդույթից. Փաշինյան
Այսուհետեւ Հայաստանի դեսպանները պետք է հանդես գան որպես ամբողջ հայության դեսպաններ: Այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Երեւանում ընթացող դեսպանների եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների համաժողովում:
Վարչապետը նշեց, որ սա թավշյա ոչ բռնի հեղափոխությունից հետո առաջին նման համաժողովն է եւ լավ առիթ խոսելու արտաքին քաղաքականության հայեցակարգային դրույթների եւ գործիքակազմի մասին: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է պատասխանել մեկ հարցի՝ ո՞րն է արտաքին քաղաքականության սկզբունքային նպատակը, ինչո՞ւ է պետք ընդհանրապես արտաքին քաղաքականություն վարել: «Մեր նպատակն է ինքնիշխանության եւ անվտանգության ապահովումը, դրանց մարկարդակի հետեւողական բարձրացումը, երկրի եւ քաղաքացիների անվտանգության եւ բարօրության համար առավել բարենպաստ միջավայրի ապահովումը»,- շեշտեց Փաշինյանը: Նրա խսքով՝ դրա համար անհրաժեշտ է երկրի ձայնն ավելի լսելի դարձնել, դիրքորոշումներն ավելի տեսանելի, մոտեցումներն աշխարհի համար ավելի ընդունելի, եւ այստեղ խնդիր է՝ միջազգային հարաբերություններում Հայաստանի սուբյեկտության բարձրացումը, երկրի հեղինակության բարձրացումը:
Վարչապետը շեշտեց, որ դրա համար նախադրյալներ եւ հնարավորություններ կան, եւ կարեւորագույն գործոններից մեկը թավշյա հեղափոխությունն է, որը տառացիորեն համաշխարհային իրադարձություն դարձավ: Հայաստանի դեսպանություններն ու դիվանագիտական ներկայկացուցչությունները պետք է այս փաստն օգտագործեն աշխարհում Հայաստանի հեղինակության բարձրացման համար, հիշեցրեց Փաշինյանը: Նրա խոսքով՝ սա քաղաքական թիմի կամ ուժի հեղափոխություն չէր, այլ ժողովրդի, եւ պետք է աշխարհին պատշաճ կերպով ներկայացնել՝ ոչ թե որպես լրատվական թողարկում, այլ որպես երկրի մասին տեղեկություններ:
Աշխարհում, որտեղ բոլորը խոսում են ժողովրդավարության ճգնաժամի մասին, ժողովրդավարությունը պետք է դառնա Հայաստանի արտաքին քաղաքականության այցեքարտը, հիշեցրեց վարչապետը: Նրա խոսքով՝ ժողովրդավարությունը մեր նպատակն է, եւ այն անշրջելի է, քանի որ հիմնված է ոչ թե անհատի կամ քաղաքական թիմի վրա, այլ ժողովրդի կամքի եւ ձգտումների վրա:
Արտաքին քաղաքականության մյուս սկզբունքը համահայկական ձգտումներն են: Եվ այստեղ ակնհայտ է դառնում փոքր ազգի եւ փոքր ժողովրդի բարդույթի ընկալման խնդիրը, ընդ որում այդ բարդույթը կարող է արտացոլվել բոլոր արտաքին ոլորտներում՝ ընդհուպ մինչեւ արտաքին քաղաքականություն:
«Ինչին ես արդեն որպես վարչապետ այցերի ընթացքում ականատես եմ եղել», - ասաց Փաշինյանը ՝ հավելելով, որ այդ բարդույթը հաղթահարելու համար դեսպանները այսուհետ պետք է ներկայացնեն ոչ թե որեւէ քաղաքական ուժ, էլիտա կամ նույնիսկ պետություն, այլ ամբողջ հայությանը:
Ինչպես նշեց Փաշինյանը, դրա համար կան բոլոր նախադրյալները, եւ կառավարությունն ունի հավասար մակարդակի աջակցություն երկրի եւ սփյուռքի ժողովրդի կողմից: «Եվ մենք պայմանավորվեցինք, որ ժողովրդավարական գործընթացները անշրջելի են, եւ նպատակը Հայաստանի, Սփյուռքի եւ Արցախի միջեւ սահմանները ջնջելն է», - հիշեցրեց Փաշինյանը ՝ հավելելով, որ դեսպանություններն այդպիսով պետք է միավորվեն եւ համայնքները չբաժանեն իշխանամետերի, հնի եւ նորի:
Ըստ Փաշինյանի՝ նա այս երեւույթը հանդիպել է համայնքների հետ հանդիպումների ժամանակ եւ դա անընդունելի է համարում: Միաժամանակ վարչապետը շեշտեց Սփյուռքի գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ արտաքին գործերի նախարարության, դեսպանատների սերտ աշխատանքի անհրաժեշտությունը:
Վարչապետը հիշեցրեց, որ հեղափոխության ընթացքում եւ դրանից հետո նա հայտարարել էր, որ արտաքին քաղաքականության մեջ ռեվերսներ չեն լինի: «Եվ դրանք չեն էլ եղել: Ապահովվում է Հայոց ցեղասպանության ճանաչման եւ ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման հարցերի վերաբերյալ դիրքորոշման հաջորդականությունը:
Բայց սա չի նշանակում, որ արտաքին քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել: Գործնականում շատ բան փոխվել է», - ասաց Փաշինյանը: Ըստ նրա, նախեւառաջ դա խուսանավելու փոխարինումն է սեփական հստակ դիրքորոշմամբ եւ դրա հետեւողական պաշտպանությունը:
Սա չի նշանակում ամբողջական մերժում խուսանավելուց եւ ճկունությունից: Սակայն առանց հստակ դիրքորոշման եւ երկրի շահերին համապատասխանելու խուսանավելը նշանակում է տաշեղ լինել բուռն հոսանքում: Խուսանավել՝ ունենալով սեփական դիրքորոշումը նշանակում է լինել նավակ եւ կառավարել շարժումը եւ անգամ հոսանքը:
Սա հեշտ ճանապարհ չէ, բայց հենց այս ճանապարհով մենք պետք է առաջ գնանք, դա բխում է երկրի շահերից, ասաց Փաշինյանը: