Թրամփի վարչակազմը Մեքսիկա է վերադարձրել փախստականի կարգավիճակ ստանալու սպասող հազարավոր միգրանտների
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը «Մնալ Մեքսիկայում» քաղաքականության շրջանակներում Մեքսիկա է վերադարձրել փախստականի կարգավիճակ ստանալու սպասող հազարավոր միգրանտների, հայտնում է Fox News-ը՝ հղում կատարելով ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության կողմից հրապարակված վիճակագրությանը։
Համաձայն այդ քաղաքականության, որը պաշտոնապես հայտնի է որպես «Միգրանտների պաշտպանության արձանագրություններ», բոլոր այն անձինք, որոնք դիմել են ԱՄՆ-ին՝ փախստականի կարգավիճակ ստանալու համար, վերադարձվում են Մեքսիկա՝ մինչեւ իրենց գործը քննվի։
Այս քայլը հիմնաքար է դարձել «բռնելու եւ ազատելու» պրակտիկայի դադարեցման Թրամփի վարչակազմի ջանքերում։ Ըստ այդ պրակտիկայի՝ միգրանտներին թույլատրվում էր մինչեւ իրենց գործի քննության ավարտը մնալ Միացյալ Նահանգներում։
Նշվում է, որ տվյալ պահին Թրամփի վարչակազմը Մեքսիկա է վերադարձրել ավելի քան 55 000 միգրանտների։ Հոկտեմբերի 21-ի դրությամբ քննվել է մոտ 13 000 գործ։