Դատարանը Թրամփին տուգանել է 2 մլն դոլարով
Նյու Յորքում դատարանը նախագահ Դոնալդ Թրամփին պարտավորեցրել է մի ամբողջ շարք բարեգործական կազմակերպությունների որպես տուգանք 2 մլն դոլար վճարել սեփական բարեգործական հիմնադրամի աշխատանքի չարաշահման պատճառով, որի միջոցները Թրամփն օգտագործել է անձնական քաղաքական եւ բիզնես շահերի համար, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
Դատավոր Սելիեն Սքարփուլլան տուգանքի մասին որոշում է կայացրել հայցով, որը Թրամփի դեմ ներկայացրել էր Նյու Յորքի գլխավոր դատախազությունը Trump Foundation-ի չարաշահման գործով:
Դատավորը որոշել է, որ Թրամփը անօրինականորեն ազդել է իր նախընտրական քարոզարշավի աշխատակիցների վրա 2016 թվականին Այովայում կուսակցական նախընտրական համաժողով նախապատրաստելիս վետերանների համար դրամական միջոցներ հավաքելու միջոցառումներ անցկացնելու համար:
Անցյալ ամիս Թրամփի իրավաբանները եւ Նյու Յորքի գլխավոր դատախազությունը համաձայնագիր էին ստորագրել հիմնադրամն լուծարելու եւ հիմնադրամի հաշիվներին մնացած գրեթե 1,7 մլն դոլարը այլ հասարակական կազմակերպություններին վերաբաշխելու մասին: