Մոտ 300 միլիարդ դրամ այսօր բանկային համակարգում գտնվում է սառեցված վիճակում.Փաշինյան
Դատաիրավական բարեփոխումներն այսօր ամենախնդրահարույց հարցերից մեկն է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14–ին, ՀՀ-ում ԱՄՆ առևտրի պալատի տարեվերջյան հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ փուլում է ներդրումների խթանման համար անհրաժեշտ օրենսդրական, մասնավորապես դատաիրավական բարեփոխումների գործընթացը։
«Դա մեր ընթացիկ ամենախնդրահարույց հարցն է։ Ընդ որում, այստեղ հարցերը միայն դատական համակարգի անկախության խնդիրը չէ, մենք բանկային համակարգի հետ մեր շփումների ընթացքում մի շատ տարօրինակ փաստ արձանագրեցինք, որ մոտ 300 միլիարդ դրամ այսօր բանկային համակարգում գտնվում է սառեցված վիճակում, որոնցից 150-ի պարագայում կա ֆորմալ դատական վեճ, բայց դե ֆակտո դատական վեճ չկա։ Այսինքն՝ նա, ով պետք է վճարի՝ ընդունում է, որ պիտի վճարի, իսկ նա, ով պետք է ստանա, ընդունում է, բայց քանի որ դատական գործընթաց պետք է անցնի, այդ գումարը տեղից տեղ չի կարող տեղաշարժվե, առանց դատարանի վճռի , իսկ այդ դատական գործերը երբեմն տևում են տարիներ, որովհետև դատական համակարգը ծանրաբեռնված է։ Սա կապված է դատաիրավական համակարգի բարեփոխումների խնդրի հետ, քանի որ դատական համակարգը պատշաճ ձևով չի կարողանում սպասարկել տնտեսությունը։