Էրմիտաժը ներկայացրել է Բոտիչելլիի «Մադոննա»-ին՝ Ուֆֆիցիի պատկերասրահի հավաքածուից
Պետական Էրմիտաժը շաբաթ օրը Լեոնարդո Դա Վինչիի սրահում ներկայացրել է Սանդրո Բոտիչելլիի «Մադոննա Դելլա Լոջիա» նկարը՝ Ուֆֆիցիի պատկերասրահի հավաքածուից, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ցուցահանդեսը, որում Վերածննդի դարաշրջանի գլուխգործոցի հետ միասին ներկայացվել են նույն թեմայով հունական սրբապատկեր եւ նկարի շոշափելի կրկնօրինակը, բացվել է Սանկտ Պետերբուրգի միջազգային մշակութային համաժողովի շրջանակներում։
«Հայտնի էր երկու բան՝ այն, որ նկարը կգա Պետերբուրգ, եւ որ Էրմիտաժից Լեոնարդոյի սրահից ե՛ւ «Մադոննա Լիտա»-ն, ե՛ւ «Մադոննա Բենուա»-ն կգնան։ Եւ սա ցնցող իրավիճակ է, երբ մենք կարող ենք այստեղ տեղավորել նկար, որը արժանի է նրանց փոխարինելու, եւ ոչ ոք չի առարկի եւ բղավի․ «Ի՞նչ եք արել Լեոնարդոյին»։ Բոտիչելլիիի նկարը տեղափոխել են հատուկ բոքսով, եւ իտալացի գործընկերները, նայելով այն, որոշել են, որ կարելի է հանել բոքսից եւ տեղադրել սրահում։ Մենք երկար քննարկեցինք, թե ինչ տեղադրենք երկրորդ ցուցափեղկում եւ որորշեցինք ցուցադրել «Աստվածամայր Քնքշանք» սրբապատկերը»,- լրագրողներին ցուցահանդեսի բացումից առաջ պատմել է Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիատրովսկին։
«Մադոննա Դելլա Լոջիա»-ն եւ Էրմիտաժի հավաքածուից սրբապատկերը, որն առաջին անգամ է ցուցադրվում հանրությանը, պատկանում են սրբապատկերագրության նույն տեսակին, որի ռուսական ամենավառ օրինակը համարվում է «Աստվածամայր Վլադիմիրսկայա»-ն։