Տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետները նշել են ամենապարզունակ եւ ոչ անվտանգ գաղտնաբառերը
ImmuniWeb ընկերությունից տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետները վերլուծել են օգտատերերի լոգինների եւ գաղտնաբառերի դարքնեթում հասանելի բազան եւ հայտնաբերել են, որ մարդիկ, ընդհանուր առմամբ, սովորել են կիբեռանվտանգության հարցերին այնքան էլ բծախնդրորեն չվերաբերվել։ Այդ մասին են վկայում, մասնավորապես, հսկայական քանակությամբ պարզունակ գաղտնաբառերը, գրում է Planet Today-ը։
Փորձագետների կողմից քսան միլիոն ուսումնասիրված գաղտնաբառերից, պարզվել է, միայն հինգ միլիոնն է յուրահատուկ։ Այսինքն, մարդկանց մեծ մասը ի վիճակի չէ հորինել եւ մտապահել հուսալի յուրահատուկ գաղտնաբառ։ Եւ ամենատխուրն այն է, որ նման իրավիճակ է դիտարկվում ոչ միայն տնային օգտատերերի, այլեւ ընկերությունների աշխատակիցների մոտ։
Ինչպիսի՞ն են այն գաղտնաբառերը, որոնք հաստատ պետք չէ օգտագործել, եթե չեք ուզում, որ ձեր հաշվին առաջին իսկ կիբեռհանցագործը տիրանա։ Շատ պարզ է՝ դրանք բոլորին հայտնի այն տարբերակներն են, ինչպիսին են 000000, 111111, 112233, 123456, 12345678, 123456789, pass1, passw0rd, password, password1, welcome եւ այլ տարբերակները։ Եթե դուք սիրում եք օգտագործել նման գաղտնաբառեր, ապա համարեք, որ ձեր հաշիվները որեւէ պաշտպանություն չունեն կոտրելու դեմ։