Տարադրամի փոխանակման 231 կետ է գործում, մոտ 80 տոկոսը փակման եզրին կկանգնեն. ԱԺ-ում այս խնդրով աշխատանքային քննարկում է նախաձեռնվել
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր հրավիրվել էր աշխատանքային քննարկում` տարադրամի փոխանակման կետերի, դիլերների, գրավատների գործունեության վերաբերյալ:
Հիշեցնենք, որ շրջանառության մեջ է դրվել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որի համաձայն՝ գրավատների համար ներկայիս 100 հազար դրամի փոխարեն պետական տուրքը կդառնա 6 միլիոն, իսկ փոխանակման կետերի համար 50 հազար դրամի փոխարեն՝ 3 միլիոն դրամ:
ԱԺ-ում աշխատանքային քննարկմանը ներկա տնտեսվարողները նշեցին, որ գրավատան պետական տուրքի այդպիսի բարձր չափ սահմանելու դեպքում գրավատները պարզապես կփակվեն, քանի որ ի վիճակի չեն լինելու վճարել այդ գումարները:
Արժութային դիլերների միության նախագահ Արամայիս Խաչատրյանը նշեց, որ նման դեպքում փոխանակման կետերը չեն կարող համարժեք acմրցակցել բանկերի հետ: Ըստ նրա՝ բանկի մասնաճյուղի պետտուրքը 350 000 դրամ է սահմանվել, նախկինում չէր վճարում, գլխամասը 3 մլն էր տալիս, իսկ փոխանակման կետը 50 000 էր: «Հիմա բանկի գլխամասի պետտուրքը սահմանվել է 7 մլն դրամ, իսկ մասնաճյուղինը՝ 350 000 դրամ: Համեմատենք մասնաճյուղը 15 և ավելի գործառույթներ է իրականացնում ու բոլոր գործառույթներից եկամուտներ է ստանում, իսկ փոխանակման կետն ընդամենը բանկայինի մեկ գործառույթն է իրականացնում, հավասար մրցակցություն չի լինի»,-ասաց նա:
Արամայիս Խաչատրյանը նշեց, որ ամեն ինչ առանց իրենց հետ քննարկման է եղել և ենթադրում է, որ նման եզրահանգման են եկել՝ բանկերի հետ քննարկելով, բայց չեն հիմնավորում՝ ինչ վերլուծության արդյունք է:
Խաչատրյանը նշեց, որ միջին հաշվով տարադրամի փոխանակման կետերը Երևանում 10 մլն դրամ են շրջանառում, իսկ մարզերում 3 մլն դրամ է շրջանառվում: «Եթե այդ տեսանկյունից նայենք, եկամուտները հասնում են 500 000 դրամի, աշխատավարձն ու ծախսերը փակելով՝ հաստատ չեն կարող ևս 250 000 պետտուրք վճարել: Փոխանակման 231 կետ է գործում, մոտ 80 տոկոսը փակման եզրին կկանգնի»,-ասաց նա:
Բացի այդ, նա նաև նշեց, որ վերջին տասը տարիներին փոխանակման կետերի եկամուտները մոտ 2,2 անգամ նվազել են, որը կարող են ԿԲ-ն և Հարկայինը փաստել: «Պատճառն այն է, որ փոխանակման կետերը պետք է սպասարկեն փոքրածավալ գործարքները»,-ասաց նա:
Գրավատների շահերը ներկայացնող Մհեր Գևորգյանը նշեց, որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գրավատները և փոխանակման կետերը ֆինանսական բնագավառում կես տոկոսից էլ քիչ մասն են կազմում:
Ըստ նրա՝ կառավարությունը հիմնավորում է, թե ֆինանսական կայունությունն են ապահովում: «Կես տոկոսն ինչպե՞ս կարող է ֆինանսական կայունությանը վտանգ սպառնալ, ինչպես հիմնավորում են»,-ասաց նա:
Նա նաև նշեց, որ համեմատական կարգով եթե դիտարկեն գրավատան, վարկային կազմակերպության և բանկի շահույթները, կտեսնեն, որ վերջնական պետական տուրքի տարբերությունից օգուտը կազմում է 25 մլն և 120 մլն: «Անարդարության սկզբունքը դա է, որ փորք ու միջին ընկերությունները կանգնում են փակման շեմին»,-ասաց նա: