Տաշքենդում թմրանյութերի գովազդով վահանակներ են տեղադրել
Ոստիկանական ստուգումների ժամանակ Տաշքենդում թմրանյութերի գովազով վահանակներ տեղադրողները հայտնել են, որ պատվեր են ստացել Ռուսաստանից, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Ուզբեկստանի մայրաքաղաքի ՆԳԳՎ մամուլի ծառայությանը։
Հոկտեմբերին Տաշքենդի բնակիչները ուշադրություն են դարձրել գովազդային վահանակներին, որոնց վրա թմրանյութեր վաճառող ինտերնետային կայքի գովազդ է եղել։ Բացի այդ, գովազդային ընկերության հեղինակները կոչ են արել քաղաքացիներին լուսանկարվել վահանակների կողքին եւ լուսանկարը տեղադրել սոցցանցերում՝ դրա համար տարբեր մրցանակներ խոստանալով։ Նման վահանակներ հայտնաբերվել են նաեւ Ղազախստանի եւ Ղրղզստանի քաղաքներում։
«Պատրաստողներից մեկը բացատրել է, որ պատվերը ստացել է ինտերնետի միջոցով՝ Ռուսաստանից բլոգերի կողմից, փողը փոխանցվել է նրա բանկային քարտի վրա։ Ընդ որում, նա բլոգերից դարձյալ ինտերնետի միջոցով ստացել է գովազդի արդեն տպագրության համար պատրաստ դիզայնը»,- ասվում է հաստատության հաղորդագրության մեջ։
Տաշքենդի ՆԳԳՎ-ն նաեւ հայտնել է, որ նման վահանակների հնարավոր տեղադրման մասին տեղեկատվությունը փոխանցվել է այլ շրջանների գործընկերներին։ «Արտասահմանում գտնվող պատվիրատուների հայտնաբերման աշխատանքը շարունակվում է»,- ասել են իրավապահները։