Մալիում երկու ուղղաթիռների բախումից զոհվել է 13 ֆրանսիացի զինվորական
Ֆրանսիացի տասներեք զինվորական, որոնք մասնակցում էին «Բարհան» գործողությանը Մալիում, զոհվել են երկու ուղղաթիռների բախման հետեւանքով, տեղեկացնում է RFI-ն՝ հղում կատարելով Ելիսեյան պալատին։
Նշվում է, որ ավիավթարը տեղի է ունեցել երկուշաբթի, Բուրկինա Ֆասոյի եւ Նիգերի սահմաններից ոչ հեռու, ջիհադականների դեմ գործողության ընթացքում։ AFP-ի աղբյուրները պաշտպանության նախարարությունում տեղեկացրել են, որ բախվել են Tigre հարվածային ուղղաթիռը եւ Cougar բազմաթիրախային ուղղաթիռը։ Ֆրանսիական բանակի գլխավոր շտաբում տեղեկացրել են, որ, ամենայն հավանականությամբ, ուղղաթիռները բախվել են ցածր բարձրությունում։
Մալիում «Բարհան» գործողության շրջանակում այժմ չորսուկես հազար ֆրանսիացի զինվորականներ կան։ Այս շրջանում 2013 թվականից, երբ սկսվել է «Սերվալ» գործողությունը, զոհվել է ավելի քան 40 ֆրանսիացի զինծառայող։