Գնաճը մեզ հետապնդում է նախատոնական օրերին․Արմեն Պողոսյան
Ամանորյա տոներին ընդառաջ գնաճ կա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Սպառողների ասոցացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը։
«Ամանորյա տոներին ընդառաջ գնաճ կա, չնայած դժվար է թվերով ներկայացնել, որովհետև նույնիսկ պետական մակարդակով այդ տվյալները չկան, սակայն գնաճը մեզ հետապնդում է նախատոնական օրերին։ Այժմյան շուկայական հարաբերություններում գնի վերահսկողություն չկա, գնի վերահսկողություն լինում է որոշ դեպքերում։ Եթե անհրաժեշտություն է լինում, կառավարությունը ժամանակավոր սահմանային գներ է սահմանում, որն առանձին դեպքերում է, իսկ գները միայն հարկմամբ է հսկվում, եթե բարձր գին են դրել, ուրեմն բարձր էլ պետք է հարկվի։ Իսկ հարկումը պետք է ՊԵԿ-ի աչքի առաջ արտացոլի գնագոյացման ցանկացած էլեմենտ։ Դա ե՛ւ ծախսերն են, ե՛ւ շահույթը։ Եթե շատ շահույթ ես ուզում ստանաս, նշանակում է պետք է շատ էլ շահութահարկ տաս, եթե այս մեխանիզմը գործի, ձեռնտու չի լինի գինը թռիչքաձև բարձրացնել։ Իսկ եթե կարողանում են թաքցնել, դա լուրջ իրավախախտում է և ՊԵԿ-ի աչքի առջև պետք է լինի»,-նշեց նա։
Արմեն Պողոսյանը նշում է՝ անորակ մսամթերք շարունակվում է վաճառվել և չնայած դրական քայլ է, որ առաջիկայում կթույլատրվի վաճառել միայն սպանդանոցային միս, բայց միևնույն է՝ նա ՍԱՏՄ աշխատանքից գոհ չէ․ «Սա մի թեմա է, որի պատասխանատուն պետական տեսչական մարմինն է, ես իրենց աշխատանքը գնահատում եմ չաշխատելուն հավասար»։
Արմեն Պողոսյանը սպառողներին հորդորում է մսի վաճառակետերում պահանջել անասնաբուժի համապատասխան թույլտվությունը՝ ստորագրված և կնքված, ապա շեշտում, որ այդ թույլտվությունը ուժի մեջ է միայն մեկ օր․ «Այսինքն մենք պետք է նվազագույն գիտելիքներով պատրաստ լինենք, որ մեզ չխաբեն»։