Ես չեմ կարող չշարունակել իմ գործունեությունը. Խաժակյան
Ես շարունակելու եմ ներկայացնել փաստեր, բացահայտել թե կոռուպցիոն բնույթի գործարքները, թե քրեական օրենսգրքով նախատեսված գործողությունները, որոնք իրականացվում են քաղաքապետարանում, այդ թվում՝ քաղաքապետի կողմից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով նրան, որ «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարությանը հայտարարել էր, թե քննարկում են Դավիթ Խաժակյանին ավագանուց հետ կանչելու հարցը:
«Մենք երեկ երեկոյան եւ այսօր, բնականաբար, քննարկել ենք այդ տեսակետը։ Պարոն Մարուքյանը հայտնում է խմբակցության անդամների, այդ թվում նաեւ իմ տեսակետը։
Ես բազմիցս քննարկում եմ ունեցել Անի խաչատրյանի եւ Թեհմինա Վարդանյանի հետ այն մասով, որ ցանկացած նիստի, քննարկման ժամանակ չպետք է անցնել անձնական վիրավորանքների դաշտ։
Սակայն իրավիճակից իրավիճակ, այդ թվում՝ քաղաքապետի սադրանքների արդյունքում գործընկերներս երբեմն բարկանում են եւ անցնում են որոշակի անձնավորված դաշտ։
Հենց դա երեկ տեղի ունեցավ, ինչը ստվերեց մեր կողմից ներկայացվող փաստերը, որոնք ըստ էության վերջին քաղաքական իրադարձությունների մեջ պետք է ամենաշատ քննարկվողը դառնային, որովհետեւ խոսքը պաշտոնական կեղծիքի եւ պաշտոնական լիազորությունների չարաշահման մասին է։
Դա անցավ երկրորդ դաշտ, որովհետեւ մարդիկ կենտրոնացան ոչ թե բուն փաստերի վրա, այլ ոճաբանության վրա։ Ստացվում է, որ մենք այդ ոճաբանությունը չենք կարողանում կարգավորել, իսկ փաստերի եւ երկարատեւ ուսումնասիրությունների արդյունքները կորում են այդ ֆոնին»,-հայտարարեց Խաժակյանը՝ հիշեցնելով, որ «Լույս» խմբակցությունում միայն ինքն է ներկայացնում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, սակայն կուսակցությունը պատասխանատվություն է կրում նաեւ ողջ խմբակցության համար:
Հարցին՝ արդյոք հանդիպում եղե՞լ է «Լույս» խմբակցության անդամների հետ երեկվա ավագանու նիստից հետո, Խաժակյանը պատասխանեց. «Մենք որոշակի քննարկում ունեցել ենք, տիկին Վարդանյանը շարունակում էր վիրավորվածությունը քաղաքապետի պահվածքից։ Մնացածն էլ արդեն ապագա քննարկումներում կհասկանանք»։
Հարցին՝ տեղի՞ն է այս ընթացքում իր հետ կանչելու որոշումը, Խաժակյանն ասաց․
«Ես շարունակելու եմ ներկայացնել փաստեր, բացահայտել թե կոռուպցիոն բնույթի գործարքները, թե քրեական օրենսգրքով նախատեսված գործողությունները, որոնք իրականացվում են քաղաքապետարանում, այդ թվում՝ քաղաքապետի կողմից։ Սակայն ես դա պետք է անեմ այն ձեւաչափով, որով դա լսելի կլինի եւ մարդկանց տեղ կհասնի: Ես չեմ կարող մեզ այդ ճոխությունը թույլ տալ եւ չշարունակել իմ գործունեությունը՝ քաղաքապետի աշխատանքի վերաբերյալ իմ բացահայտումներն անել»:
Խաժակյանն ընդգծեց, որ դեռ վերջնական որոշում չի կայացրել «Լուսավոր Հայաստանը». «Եթե մենք համատեղ քննարկումների արդյունքում այդ ամենը ամփոփենք նրանով, որ պետք է շարունակել ավագանու կազմում խմբակցությունում որոշակի շտկումներով, ապա այդպես կվարվենք, եթե հանգենք այլ եզրակացության, կվարվենք այլ կերպ։ Բուն իմաստը, այս բոլոր բացահայտումները եւ փաստերը լսելի դարձնելն է առանց անձնական վիրավորանքների»: