Թանկանալու է հավի միսը, կարագը, տավարի միսը, ձեթը
«2019 թվականը տնտեսական առումով լի էր և՛ ձեռքբերումներով, և՛ բացթողումներով: 9 ամիսների կտրվածքով ունենք շուրջ 7.1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, որի հիմնական շարժիչը եղել են առևտուրն ու ծառայությունների ոլորտը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Մարինե Առաքելյանը:
Նա նաև նշեց, որ եթե ծառայությունների ոլորտից հանենք զբոսաշրջությունն ու ՏՏ ոլորտը, ապա կարող ենք եզրահանգում անել, որ հիմնականում շարժիչ են եղել տերմինալով խաղերը, բուքմեյքերական գործունեությունից օգտվողները և առևտրի մեծաքանակ աճը:
«Ինչ վերաբերում է պարենային շուկայում տիրող իրավիճակին, ապա մեկ տարվա գնաճը կազմել է մոտ 1.6 տոկոս, ինչը ցածր է Կենտրոնական բանկի թիրախային 4 տոկոս ցուցանիշից: Շատ հաճախ գնաճի ցածր մակարդակը դրական լույսի ներքո են մեկնաբանում, մինչդեռ՝ ցածր գնաճը խոսում է համախառն պահանջարկի նվազման և մարդկանց գնողունակության ցածր մակարդակի մասին: Եվ, եթե դիտարկում ենք նախատոնական թանկացումները, ապա կրկնվող գործընթացներ են, որոնք թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառաբանություն ունեն: Օբյեկտիվն այն է, երբ որոշակի ապրանքատեսակների նկատմամբ պահանջարկն ավելանում է, գների փոփոխություն է արձանագրվում: ՀՀ-ն ներմուծող երկիր է, ուստի ներմուծման կառուցվածքում ցանկացած փոփոխություն կամ համաշխարհային գների փոփոխություններն ազդեցություն են ունենում գնաճի ձևավորման վրա»,-ընդգծեց նա:
Նա նաև ասաց, ըստ Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշի՝ 2019թ.նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերի համեմատ՝ ունեցել ենք շուրջ 1 տոկոս գնաճ: Հիմնականում առաջին անհնրաժեշտության ապրանքների գծով են թանկացումներն արձանագրվել, որի արդյունքում հացը թանկացել է 3.9 տոկոս, մակարոնեղենը՝ 7.6, ալյուրը և ձավարեղենը՝ շուրջ 5 տոկոս:
«Իսկ մոտ ապագայում թանկանալու է հավի միսը, կարագը, տավարի միսը, ձեթը»,- խոսքն ամփոփելով ասաց բանախոսը: