Գյուղոլորտում ծրագրերից մեկով վարկ վերցնող գյուղացիները ավելին են, քան նախատեսել էր կառավարությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 19-ի նիստում որոշում կայացրեց վերաբաշխում կատարել բյուջեի շրջանակներում գյուղատնտեսության աջակցության ծրագրերի միջեւ, քանի որ ծրագրերից մեկը, որ գյուղատնտեսության ոլորտին վարկի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրն է, իրականացվում է ավելի մեծ ծավալով, քան նախատեսված էր:
Հարցը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ այս տարեվերջին մենք պետք է ունենայինք 5094 ընդհանուր միավոր վարկային աջակցություն, որոնց հանրագումարը պետք է կազմեր 21,7 մլրդ դրամ, մինչդեռ ունենք արդեն 8380 հաստատված վարկեր եւ դրանց հանրագումարը 32,8 մլրդ դրամ է: Արդյունքում անհրաժեշտություն է առաջացել սուբսիդավորվող տոկոսների գումարն ավելացնել 100 մլն դրամ»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ այս ծրագրով կառավարությունը սուբսիդավորում է վարկի 12 տոկոսից 7-ը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ եղած թվերից երեւում է, որ գյուղատնտեսական վարկերի ակտիվացում է նկատվել: