«Ես որպես վարչապետ վստահում եմ ԱԱԾ-ին. նա չի անցել կարմիր գծերը». ՀՀ վարչապետ
Այս ընթացքում բազմաթիվ քննարկումներ, դիտարկումներ են եղել, թե որքանով եմ ես որպես վարչապետ վստահում ԱԱԾ-ին, այն ԱԱԾ-ին, որը գործել է այն ժամանակներում նաեւ, երբ ես եղել եմ ընդդիմադիր գործիչ, դրանից առաջ քաղբանտարկյալի կարգավիճակում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Ազգային անվտանգության մարմինների ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բնականաբար, տարբեր ժամանակներում իրավապահ համակարգը, այդ թվում ԱԱԾ-ն, աշխատում է տարբեր պայմաններում ու միջավայրերում, բայց ուզում եմ ասել, որ նույնիսկ այդ ժամանակներում ԱԱԾ-ն, իր գործունեության հասկանալի նրբություններով, երբեք չի անցել այն կարմիր գծերը, որոնք ընդհանրապես կարող են գոյություն ունենալ հանրային հարաբերություններում: Այո, նաեւ այդ պատճառով, ես որպես վարչապետ վստահում եմ ԱԱԾ-ին, որովհետեւ դա նաեւ իմ պատկերացումն է: ԱԱԾ-ն չպետք է լինի որեւէ իշխանության գործունեության համատեքստում տեղավորվող ծառայություն:
Սա է այս կառույցի համար մեկ առաքելությունը: Կարող եմ ասել որպես վարչապետ, որը 100 տոկոսով համոզված է, որ իր գործունեությունը իր բոլոր նրբություններով առանց մի որեւէ տոկոսային վերապահման համապատասխանում է ՀՀ ազգային անվտանգության շահերին, պետական ու ազգային շահերին, ահա այդ կառավարությունը չի կարող անվստահության որեւէ նշույլ ունենալ ԱԱԾ-ի նկատմամբ»,-ասաց վարչապետը:
Նա ընդգծեց, որ իշխանության մեծագույն խնդիրն է նաեւ, որ առաջիկա տարիներին շատ հավասարակշռված քայլերով այնպիսի բարեփոխումներ իրականացնեն ԱԱԾ-ում, որ նրա գործունեությանը դառնա ավելի արդյունավետ:
Փաշինյանը համաձայնեց տեսակետին, որ ժամանակի ընթացքում ԱԱԾ-ն գուցե ավելի պակաս ջանք պետք է գործադրի կոռուպցիայի դեմ պայքարում. «ԱԱԾ-ն պետք է կենտրոնանա հակահետախուզության խնդիրների վրա, ահաբեկչության դեմ պայքարի խնդիրների վրա, սահմանադրական կարգի պահպանության եւ բռնության բացառման խնդիրների վրա»: