Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ (ֆոտո)
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, տարեվերջյան հանդիպումների շրջանակում, այսօր հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի եւ խմբակցության մի խումբ անդամների հետ: Օրերս կայացել էր նախագահի հանդիպումը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ, առաջիկայում նման հանդիպում է սպասվում նաեւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների հետ։
«Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվել են նախագահական եւ խորհրդարանական ինստիտուտների միջեւ համագործակցությունն առավել սերտացնելուն եւ այն ինստիտուցիոնալ դարձնելուն վերաբերող հարցեր: Կողմերը համակարծիք են եղել, որ նման ձեւաչափը կնպաստի ներդաշնակ եւ արդյունավետ փոխգործակցությանը։ Անդրադարձ է եղել նաեւ խմբակցության աշխատանքներին եւ օրենսդրական գործունեությանը:
Նախագահ Սարգսյանը տեղեկություններ է ներկայացրել նաեւ նախագահական մի շարք նախաձեռնությունների՝ մասնավորապես գալիք տարի Հայաստանում նախատեսվող միջազգային խոշոր միջոցառումների՝ Մտքերի հայկական գագաթնաժողովի, STARMUS 6֊րդ փառատոնի, ինչպես նաեւ մեր երկրի գիտատեխնոլոգիական զարգացմանն ուղղված՝ ATOM (Advanced Tommorow) նախաձեռնության մասին: Նախագահը կարեւորել է բոլոր այս նախաձեռնություններում խորհրդարանի ակտիվ ներգրավվածությունը։