Նոր Հայաստանի այլընտրանքը չի կարող լինել հին Հայաստանը. հինը չի կարող լինել այլընտրանք. Մարուքյան
Նոր Հայաստանի այլընտրանքը որեւէ կոնֆիգուրացիայով չի կարող լինել հին Հայաստանը. հինը չի կարող լինել այլընտրանք: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, «Լուսավոր Հայաստան» կուսակցության 4-ամյակի միջոցառման ժամանակ իր ելույթում նշեց կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
Նա իր ելույթի սկզբում նշեց, որ ցանկանում է մի քանի կարեւոր շեշտադրում անել. «Ներկայումս Հայաստանը եւ նրա հետ միասին ողջ քաղաքական համակարգը գտնվում են անցումային շրջափուլում, ինչը լրջագույն մարտահրավեր է յուրաքանչյուր պետության համար: Մեր համոզմամբ ինչպես այս, այնպես էլ ցանկացած մարտահրավերի կանխարգելման միջոցները պայմանավորված են քաղաքական համակարգի որակով եւ կենսունակությամբ:
Մարդիկ հարց են տալիս՝ ինչո՞ւ եք անընդհատ խոսում քաղաքական համակարգի առողջացման մասին, հեղափոխություն է եղել, ամեն ինչ արդեն լավ է, ինչի եք այդ հարցը պահում օրակարգում: Եթե մենք կարողանանք իսկապես կենսունակ եւ արդյունավետ քաղաքական միջավայր ձեւավորել, ապա կկարողանանք նաեւ կայուն զարգացող, ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական երկիր ունենալ»,-հայտարարեց Մարուքյանը՝ հավելելով, որ հենց այս հիմնախնդրով է պայմանավորված ԼՀԿ-ի առաքելությունն ու դերը ՀՀ քաղաքական կյանքում:
ԼՀԿ ղեկավարի խոսքով, հեղափոխությունից հետո շատ ուժեր չկարողացան դիմակայել փոփոխություններին, իսկ իրենք կան ու ամուր են, եւ իրենց վճռական խոսքը դեռեւս առջեւում է. «Շատերը կանխատեսում էին ԼՀԿ-ի կործանումն ու անհետացումը, բայց մենք ոչ միայն չկործանվեցինք, այլ ընդհակառակը՝ փոփոխությունների եռապատկումից ու քառապատկումից մեր գյության իմաստն ավելի իմաստավորվեց: Հիմա հարց է ծագում, թե հեղափոխությունից հետո ինչու պետք է լինի «Լուսավոր Հայաստան» եւ ընդդիմություն ընդհանրապես: Մեր կարճաժամկետ նպատակն է՝ հանդես գալ որպես հզոր, կենսունակ ընդդիմություն, իսկ ընդդիմադիր լինելը ինքնանպատակ չէ, մենք կառավարությանը երբեք չենք քննադատել զուտ ուղղակի անիմաստ քննադատելու եւ ցույց տալու, որ մենք քննադատում ենք:
Ընդհակառակը՝ մեր առաքելությունը եղել է ու կա՝ լինել իշխանության ամենահավանական, ամենահնարավոր մրցակիցն ու փոխարինողը: Ցանկացած իրավիճակում քաղաքացիների աչքերում պետք է դա լինի, որ ՀՀ-ում նոր Հայաստանի այլընտրանքը՝ որպես նոր Հայաստանի քաղաքական ուժ, «Լուսավոր Հայաստանն» է: Նոր Հայաստանի այլընտրանքը որեւէ կոնֆիգուրացիայով չի կարող լինել հին Հայաստանը: Հինը չի կարող լինել այլընտրանք»,- ասաց Մարուքյանը: