Մեքսիկայում քաղաքապետի են գնդակահարել սուրբծննդյան երեկույթի ժամանակ
Մարդասպանների մի խումբ ներխուժել է մեքսիկական Հալապա-դե-Դիաս քաղաք եւ գնդակահարել 6 մարդ, ներառյալ այդ քաղաքի քաղաքապետին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Sol de Mexico-ին:
«Զինված խումբը ներխուժել է Ընտանիքի զարգացման համալիր համակարգի (DIF) սուրբծննդյան երեկույթի վայր եւ սպանել 6 մարդու, այդ թվում քաղաքապետ Արթուրո Գարսիա Վելասկեսին, ինչպես նաեւ քաղաքապետարանի ղեկավարին»,- հայտնել է պարբերականը:
Հանցագործության վայրը շղթայել են ազգային գվարդիայի եւ դատախազության աշխատակիցները, քննչական գործողություններ են անցկացվում:
Հոկտեմբերին Գարսիան բերման էր ենթարկվել մարդկանց առեւանգմանը մասնակից լինելու կասկածանքով, սակայն արդյունքում մեղադրվել էր ապօրինի զենք կրելու մեջ եւ արդարացվել դատարանի կողմից: Գարսիան ավելի վաղ հայտարարել էր, որ հետապնդման է ենթարկվում: