ԱՄՆ-ը եւ Չինաստանը առեւտրային հարաբերությունների շրջադարձային կետում են. Թրամփ
ԱՄՆ-ը եւ Չինաստանն առեւտրային հարաբերությունների շրջադարձային կետում են։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ կանխատեսելով ինչ-որ «կոթողային» բան երկու երկրների համար, ինչի մասին կհայտարարվի հաշված շաբաթներում, տեղեկացնում է Reuters-ը։
«Մենք դեռ ճանապարհ ունենք անցնելու, բայց արդեն ոչ այդքան երկար»,- ասել է Թրամփը Օվալաձեւ կաբինետում երկու երկրների բանակցող խմբերի հետ ելույթի ժամանակ։
Չինաստանի փոխվարչապետ Լյու Հեն համաձայնել է՝ հայտարարելով, որ «Թրամփի անմիջական մասնակցության շնորհիվ մենք հասել ենք զգալի առաջընթացի»։
Բանակցությունները կվերսկսվեն ուրբաթ, ապրիլի 5-ին։
Ամերիկյան եւ չինացի բանակցողները չորեքշաբթի սկսել են բանակցությունների իններորդ փուլը՝ կապված ԱՄՆ այն մեղադրանքների հետ, թե Պեկինը գիշատիչ մարտավարություն է վարում ԱՄՆ տեխնոլոգիական գերիշխանության դեմ պայքարում։ Չինաստանը հերքել է այդ մեղադրանքները։ Այդ մարտավարությունը, ըստ ԱՄՆ-ի, ներառում է կիբեռգողություն եւ հարկադրանք ամերիկյան ընկերությունների հանդեպ, որպեսզի նրանք կոմերցիոն գաղտնիքներ փոխանցեն չինական շուկային հասանելիության դիմաց։
Թրամփը չինական ներմուծման վրա 250 մլրդ դոլարի սակագներ է դրել։ Չինաստանը 110 մլրդ դոլարի պատասխան տուրքեր է մտցրել։
Երկու երկրները հասել են զգալի առաջընթացի այն հարցերում, որոնք նրանց բաժանում են։ Օրինակ, անցած ամիս Չինաստանն ընդունել է օրենք, որը թուլացնում է օտարերկրյա ներդրումների սահմանափակումները եւ ուղղված է այն բանին, որպեսզի չինացի պաշտոնյաները չստիպեն օտարերկրյա ընկերություններին տեխնոլոգիաներ հանձնել։
Ակնկալվում է, որ Պեկինը կհամաձայնի կտրուկ ավելացնել ԱՄՆ-ից ապրանքների գնումը, ինչը կանդրադառնա Չինաստանի հետ ԱՄՆ առեւտրային դեֆիցիտի վրա, որն անցած տարի հասել էր ռեկորդային՝ 379 մլրդ դոլարի։