Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 11 ամսում աճել է 7.5 տոկոսով
Տնտեսական ակտիվության ցուցանիշը այս տարվա հունվար-նոյեմբերին 7.5 տոկոսով աճել է 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին փաստում են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Մասնավորապես զգալիորեն աճել է արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 9.3 տոկոսով։ Շինարարության ծավալն այս տարվա հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 4.5 տոկոսով: Առևտրի շրջանառությունում աճը կազմել է 9.2 տոկոս, իսկ մատուցած ծառայությունների ծավալն ավելացել է 14.8 տոկոսով:
2019-ի հունվար-նոյեմբերին արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն աճել է 0.4 տոկոսով, իսկ սպառողական գների ինդեքսը՝ 1.5 տոկոսով:
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը նվազել է 3.4 տոկոսով:
Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում հունվար-նոյեմբերին աճել է 5.9 տոկոսով՝ կազմելով 178 հազար 885 դրամ: Ընդ որում` պետական օղակում միջին ամսական աշխատավարձն ավելացել է 8.3 տոկոսով, իսկ ոչ պետականում՝ 4 տոկոսով:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նկատվել է աճ՝ շուրջ 7.4 տոկոսով: Ընդ որում, արտահանումն աճել է 9 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 6.6 տոկոսով:
Դրամի փոխարժեք ԱՄՆ դոլարի նկատմամբ 2019-ի հունվար-նոյեմբերին եղել է 480.65: